Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/164

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կբկբարձրանար։ Տանը յուրաքանչյուր հարկը բաժներ էին, կազմեր էին առանձին բնակարաններ՝ իրենց հարմարություններով և վարձու տալով, տունը դարձուցեր էին հասույթի կարևոր աղբյուր։ Բայց Սմբատ էֆենդիի սեփականատիրության իրավունքը խախուտ էր, և անոր պահպանումը և վայելումը կախում ուներ մեծ հորը մյուս ժառանգորդներու բարյացակամութենեն։ Սմբատ էֆենդիի մայրը մեռեր էր մեծ հորմեն առաջ։ Անոր մահեն հետո, օրենքի առաջ, ուղղակի ժառանգորդ կհանդիսանային միայն երկու որդիները՝ Սմբատի մորեղբայրները, իսկ ինքը՝ մեռած աղջկան զավակը, փաստորն որևէ իրավունք չուներ այդ ժառանգության մեջ։ Բայց մեծ հայրը, իր կենդանության, երեք զավակներուն մեջ բաժներ էր իր անշարժ կալվածքերը՝ առանց օրինական ձևականությունները կատարելու և Բերայի տունը հատկացուցեր էր աղջկանը՝ Սմբատի մորը, բնակության, երբ այս վերջինը ամուսնացեր էր։ Իր մահվան անկողնի վրա Սմբատի մեծ հայրը իր երկու որդիներուն պատվիրեր էր իրենց մեռած քրոջը զավակը չզրկել ժառանգութենեն և Բերայի տունը դարձնել անոր վրա։ Մինչև իրենց մահը Սմբատի մորեղբայրները ճշտությամբ կատարեր էին հորենական պատվերը, և Սմբատը այդ տունը համարեր էր իր անժխտելի իրավունքը։ Միայն թե, երբ որևէ օրինական գործի համար պետք ըլլար, Սմբատը կդիմեր մորեղբայրներուն, որ ստորագրեն թուղթերը։ Մորեղբայրները, որպես նախազգուշություն, նոտարական թուղթ մըն ալ ստորագրած էին՝ հայտնելով, որ Բերայի տունը կնվիրեն իրենց քրոջը որդուն։ Անոնք գիտեին, որ Թուրքիո կալվածական մանվածապատ օրենքներու առաջ բավական չէր այդքանը, բայց անոնք ձգձգեր էին առուծախի ձևականությունը արձանագրել տալ կալվածատոմարի մեջ, որպեսզի չի հարկադրվին տարիներով կուտակված տուրքերը վճարելու, որ հին Թուրքիո մայրաքաղաքին մեջ կմաքրվեին առուծախի առիթով։ Նահապետական ընտանիքի անդամներ, Սմբատի մորեղբայրները չէին կրնար երևակայել, որ իրենց մեռած քրոջը որդուն բնական իրավունքը խնդրո առարկա կդառնա որևէ ատեն։ Բայց այդ կատարվեր էր։ Սմբատի մեծ հոր թողած երեք տուները, սկիզբը, գրեթե նույն արժեքով