Այն ժամանակ Միհրանը հայտնեց, որ կոլեջի խնդիրը կարգադրված էր, թե Արտակը՝ Զարեհ էֆենդիին տղան, հրեշտակի նման մեկն էր, թե այնտեղ Մաննիկ մը կար, որ կուզեր իր ընկերուհին ըլլալ։
Վիկտորյան հարցումներ ըրավ նաև Իշխանաց կղզիներու մասին, և ամեն մեկ մանրամասնության, որ Միհրանը կըսեր, Վիկտորյան կմրմնջեր.
— Մեր կղզին ալ այդպես էր։
Եվ բաց ու կապույտ ծովի հայրենաբաղձությունը տխրեցուց Վիկտորյան։
— Երբ որ մեծնամ, ես ալ կղզին ամառանոց պիտի ունենամ,— ըսավ Միհրանը,— քեզ ու Բարպան պիտի տանիմ իմ տունս,— ըսավ ան եռանդով և այդ խոսքերը ըսած ատեն կհիշեր Մաննիկի դեմքը, կլսեր անոր քիչ մը ռնգային ձայնը և կզգար, որ իր թևերը կբուսնեին՝ բարձրանալու համար կյանքի միջակութենեն վեր, և պատանիին մեջ քնած թաքուն ուժերը կարծես կխլրտեին, իրեն ներշնչելով տեսակ մը բարկ և անծանոթ արբեցություն։
Առավոտուն կանուխ, սովորական ժամին, Բարպան ելավ անկողնեն, իջավ խոհանոց, առատ և պաղ ջրով լվացվեցավ և միշտ լուռ՝ բարձրացավ սենյակը հագվելու և սուրճը խմելու համար։ Վիկտորյան ամուսնույն շուրջը կդառնար, նույնպես լռություն պահելով. բայց դիտելով Բարպայի կնճռոտ դեմքը, երբեմն֊երբեմն նշանացի և գաղտագողի ակնարկներ կըներ Միհրանին, որ շատունց ելած էր անկողնեն և գիրք մը կարդալ կձևացներ։
Երբ Բարպան սուրճը խմեց, մերժելով հացը և պանիրը, և սկսավ ծխել, Վիկտորյան, կարծես ի միջի այլոց, ըսավ անոր.
— Բարպա՛, երեկ ամբողջ օրը ետևեդ մարդ եկավ։
Բարպան գլուխը բարձրացուց, և անոր բիբերը ընդլայնեցան: