չէր պառկեր. հազար տեսակ ենթադրություններ կայծակի արագությամբ կանցնեին իր միտքին մեջ, իրար կխաչաձևեին, իրար կժխտեին։ Անոր ոտքերը հանկարծ կտրվեցան գետնեն։ Տասնյակ տարիներու ընթացքին իր ձեռք բերած հեղինակությունը մեկ անգամեն կչքանար այդ փակ արհեստանոցին առաջ։ Բարպան վերջապես նշմարեց երեք երիտասարդ հույն արհեստավորներ, որոնց երկուքը նորեկներ էին և որոնք, իրենց ձեռքերը տաբատներու գրպանները դրած, լուռ կդիտեին Բարպան՝ առանց անոր մոտենալու:
— Անաստա՛ս,— կանչեց Բարպան,— ի՞նչ է պատահեր։
Այդ միջոցին շքեղ կառք մը անցնելով կանգ առավ քովի արհեստանոցին առաջ, որուն մեջ բոլոր մուրճերը և սղոցները կգործեին ա՛լ ավելի արագ տեմպով և, կարծես թե, սովորականեն ուժեղ ժխորով։
Արիստաքի էֆենդին իր գործակատարին հետ իջավ կառքեն, տեսավ Խաչիկը, ծաղրական ակնարկ մը նետեց անոր և ձեռքը գլխարկին եզրին տանելով՝ առանց բարձրացնելու, բարևեց և ուսը կորացուցած մտավ գործակատարին հետ իր արհեստանոցը։
— Անաստա՛ս,— գոչեց կրկին Բարպան,— պետք է անմիջապես բանալ արհեստանոցը։
Անաստասը նայեցավ իր ընկերներուն, որոնք իրար հետ այնպես ծաղրական ակնարկ մը փոխանակեցին, և տեղեն չի շարժեցավ։
Այն ատեն Բարպան, խորապես վիրավորված, երեսը դարձուց և գնաց դեպի այն սրճարանը, ուր արհեստավորները կհավաքվեին աշխատանքի ժամերեն դուրս։
Զարեհ էֆենդիի արհեստանոցի աշխատավորներեն շատերը այնտեղ էին, ուրիշներ ալ կհասնեին մեկիկ֊մեկիկ։ Բարպան անմիջապես նշմարեց, որ անոնք, ինչպես սովորաբար կըլլար, խառն չէին նստած, այլ խումբեր կկազմեին, հույները և հայերը առանձին, ինչպես և երիտասարդները և տարեցները առանձին։
Երբ Բարպան մտավ սրճարան, ամեն կողմերե ձայներ լսվեցան.