Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/197

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ կարող են առանձին գործ բռնել ուսանողական թաղին մեջ, բանալ վարսահարդարի խանութ մը՝ կանանց բաժինով: Այդ թաղին մեջ կային շատ թափառուն աղջիկներ, որոնց համար պետք էր լավ հարդարված մազեր ունենալ։ Էմիլը դեմ չէր, բայց այդ ծրագրի գործադրությունը կպահանջեր, որ օրինավորապես ամուսնացած ըլլային, և այդ բանը տհաճություն կպատճառեր իրեն. ոչ թե այն պատճառով, որ Էմիլը կմտադրեր բաժնվիլ Ժոզեֆինեն, այլ որովհետև կկարծեր, թե խորամանկ նորմանդուհին այդ ծրագրով կուզեր զինքը թակարդը ձգել և հարկադրել որոշում մը առնելու։ Այդ, Էմիլը ամեն առիթներով կհայտարարեր, որ չէր ուզեր խաբվիլ։ Անոր ծնողքը կգտնվեին Էքս-ան֊Պրովանս և նպարավաճառի խեղճ խանութ մը ունեին, բայց Էմիլը հպարտությամբ կսեր, որ իր ծնողքը առևտուրի ասպարեզի մեջ են, և իր մտերիմ մտածումով Ժոզեֆինը դասակարգե դուրս աղջիկ մըն էր, որուն հետ ունեցած կապը գաղտնի պահեր էր իր ծնողքեն։

Բայց ահա, օր մը, անիկա գտնվեցավ անսպասելի կացության մը առաջ։

Դեռ ինքը դպրոցական մանչուկ մըն էր, երբ իր մորեղբայրը մեկնեցավ Արևելք։ Մորեղբայրի շրջապատին մեջ շատ կխոսեին այն ֆրանսիացիներու մասին, որոնք Ղրիմի պատերազմին մասնակցեր էին և հետո մնալով Թուրքիա, տեր դարձեր էին առասպելական հարստություններու: Անտարակույս, Էմիլի մորեղբայրն ալ անցած էր այդ հեքիաթներով։ Անիկա կաշխատեր Մարսիլիա, առևտրական գործակալության մը մեջ, և երբ կերթար նավահանգիստը, միշտ կերազեր այն հեքիաթային արևելյան երկիրներու մասին, ուր կըսեին, կամ կկարծեր թե կըսեին, թե եվրոպացի մը կբավե, որ նեղությունը հանձն առնե ծռելու, որպեսզի ոսկի հավաքե։ Օր մըն ալ, վերջապես, անիկա նստեր էր շոգենավ և Զմյուռնիա ցամաք ելեր էր։ Անիկա չէր գտեր իր երազած աշխարհը, և ի փոխարեն գլուխը զարնվեր էր բիրտ իրականությանը։ Բայց անիկա չէր ուզած վերադառնալ Ֆրանսիա՝ խնայողությունները մսխած, պարտված և խաբված իր պատրանքներուն մեջ։ Ան ալ այն մարդոցմե էր, որոնք չեն սիրեր խաբված ըլլալ։