Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/199

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

փոքր կյանքով ապրող մարդոց կյանքը. Ժոզեֆինի փոքր սենյակը, Էմիլի ստացած փոքր վարձքը, որ կհարկադրեր զիրենք մեկ սուի վրա դողալ, անվերջ և մանրակրկիտ հաշվով ապրիլ, զրկվիլ հաճույքներե և ժամանցներե, հագուստը կռնակը պահել մինչև անոր ծայրահեղ աստիճանի մաշիլը, ու հակադրության կդներ անիկա բազմաթիվ մեծ սենյակներով առանձին տուներու հետ՝ շրջապատված պարտեզներով, հասութաբեր գործերու, անակնկալ շահերու հետ, որ մարդուս կապահովեին ազատ և փարթամ կյանք։

Էմիլը բոլորովին հմայված էր, երբ մորեղբայրը մեկնեցավ Փարիզեն։ Վարսահարդարը, հանկարծ, անտանելի գտավ փարիզյան գորշ երկինքը, անվերջ անձրևները և նեղ ու անարև փողոցներու տխուր թշվառությունը։ Անիկա հիշեց, որ ինքը մերիտիոնալ էր և ոչ թե նորմանդացի, ինչպես իր Ժոզեֆինը, և մանկությունից սորված էր աչքերը բանալ կապույտ և շողշողուն երկնքի վրա։ Անիկա սկսավ կարոտնալ ձիթայուղով կերակուրները, սոխը և սխտորը, սեխը և ձմերուկը, բայց, մանավանդ, թարմ թուզը, որուն ամենեն ընտիր տեսակը կարելի էր, գրեթե ձրի, ունենալ Զմյուռնիո մեջ։ Բայց Ժոզեֆինը շատ համաձայն չէր ամուսնույն ծրագիրներուն։ Անիկա դժկամությամբ կմտածեր ոչ միայն Ֆրանսիայեն հեռանալու, ոչ միայն Փարիզեն մեկնելու, այլև իր թաղը փոխելու մասին: Անոր հայրենիքը Լատինական թաղի մայթն էր, և թեև կուզեր իր նեղ վիճակեն դուրս գալ և «գահ բարձրանալ», բայց այդ կտեսներ վարսահարդարի առանձին խանութ մը բանալուն և իր՝ խանութի գանձարկղին առաջ նստելուն մեջ, լավ հագված, մազերը լավ հարդարած, ինչպես այդ կպահանջեր արհեստը։ Ժոզեֆինը, որուն գործնական իմացականությունը զարգացեր էր առօրյայի մանրուքները կազմակերպելու և նյութերեն ու կացություններեն առավելագույն օգուտը քաղելու ուղղությամբ, իր թևատ երևակայությունով չէր կրնար ընդգրկել այն հրաշալիքները, որ տաք գլուխ մորեղբայրը, մասամբ պարծանքի համար, մասամբ ինքն իսկ հավատալով իր մտացածին կացություններուն, ընդնշմարել տվեր էր։ Բայց Էմիլի միջերկրականցիի դյուրաբորբոք երևակայության մեջ մեծ