Ամառը անցել էր, և պոլսական աշունը՝ իր հրաբորբոք գույներով, իր քաղցր արշալույսներով, շքեղ վերջալույսներով, կծավալեր իր լույսերու և երանգներու բազմատեսակ խաղերը։ Քաղաքը, հասուն գեղեցկուհիի նման, կարծես ընկողմաներ էր հեշտանքով և նվաղկոտ ու շնորհալի շարժումով կհորանջեր հուլորեն։ Երբեմն վարդագույն և երբեմն կապույտ, նոսր շղարշ մը թեթևությամբ և փափկությամբ կքողարկեր անոր դեմքը և մարմինը, բայց և երբեմն ան կնետեր քողը իր վրայեն և կհայտնվեր ոսկեգույն և վարդագույն, հերարձակ և տամուկ, կարծես նոր դուրս եկած Վոսփորի լոգանքեն։
Երբ քաղաքացիներ, երեկոյին, կբարձրանային դեպի Թագսիմի պարտեզը կամ Շիշլիի պողոտան, իրենց ամբողջ էությունով կդիմավորեին աշնանային այդ շողշողուն և բազմերես գեղեցկությունը և հաճույքով կվայելեին անցնող ժամերու դյուրաբեկ հմայքը։ Արվարձաններու, ամառանոցային վայրերու և բոլոր զբոսատեղիներու մեջ ծառերը գույն կփոխեին, և սպիտակ, դեղին, ժանգի գույն և բոսոր-կարմիր տերևները բաց ձեռքերու պես, հատ-հատ կիյնային, նախշուն գորգեր փռելով շրջագայողներու քայլերուն առաջ, մինչ անայլայլ և սլացիկ սոճիները կարծես իրենց մշտնջենական և մթին խոկումին մեջ կհսկեին բնության այլափոխման։
Եվ ամենուն աչքերուն մեջ երազ մը կվարաներ։
Երազային տարտամություն մը կար նաև Բարպայի աչքերուն մեջ, երբ ան մինակը կբարձրանար դեպի Շիշլի։ Բարպան վերջին ժամանակները կզգուշանար հաճախելե այն վայրերը, ուր մարդոց, մանավանդ ծանոթ մարդոց կրնար հանդիպիլ։ Անոր հոգին լեցուն էր հուզումով և անկայուն բերկրանքով։ Ինքն ալ դեռ չէր գիտեր, թե ինչո՞ւ այդպես փոխված էր։ Իր մեջ եղած հակասական զգացումներուն ամեն մեկը կվերագրեր որոշ պատճառի, բայց այդ տարտամ բերկրանքը, կարծես թե, ո՛չ պատճառ ուներ և ո՛չ նպատակ։ Բարպան միշտ զգայուն եղած էր բնության գեղեցիկ տեսարաններուն առաջ, բայց այժմ, կարծես թե,