Օր մը, Խաչիկի մեկնելեն հետո, դեմիրճի Հակոբը ըսավ վերջապես.
— Ինչքա՜ն փոխվեցավ, մարդը սիրահարված է։
Ղուկասը բողոքեց և խիստ բառերով սաստեց Հակոբը, բայց այդ օրեն հետո ամենքն ալ փսփսալով և ակնարկներով կխոսեին այդ սիրահարության մասին և կցավեին Բարպայի վրա։ Ընկերներեն ոմանք տեսեր էին Ժոզեֆինը սթափ աչքերով և ֆրանսուհին դատելով իր բուն արժեքին մեջ, հասկցեր էին, որ այդ օռոսբին, որ իրենց երկիրը եկեր էր բախտ որոնելու, Բարպային արյունը պիտի ծծեր։
Լուրը հասեր էր վերջապես Վասիլի ականջը, որ արդեն իսկ մտահոգ էր Բարպայի մեջ հառաջ եկած փոփոխության մասին: Անիկա կմտածեր հարմար մեկ պահին մտերմաբար խոսիլ Խաչիկին հետ, անոր աչքերը բանալ այդ «միայն իրենց շահը հետապնդող օտարականներու վրա», բայց այդ օրերուն Վասիլի միտքն ալ ամբողջապես պաշարված էր ուրիշ մտածումներով։
Անիկա կտեսներ, թե ինչպես անգործության մատնված արհեստավորները, որոնց աշխատանքի ժամերը և րոպեները կարծես թե մսխալով կչափեր հաշվապահ Արիստակեսը, սկսեր էին «խելքի գալ»։ Ամենեն վարանողներն անգամ հիմակ Վասիլի օձիքեն կբռնեին և կխոսեին աշխատավորներու կազմակերպման մասին։ Սահմանադրական Թուրքիո օրենքները արգելք չէին հանդիսանար որևէ կազմակերպություն ստեղծելու։ Մյուս կողմանե, փորձը ցույց տվեր էր, որ թե՛ Ճիզվիտը և թե՛ Դըրջանը, որոնք գործելու տագնապին հետևանքով մազաչափ բան չէին փոխած իրենց կյանքին մեջ, բացարձակապես անտարբեր էին իրենց աշխատավորներու վիճակին։
— Ծո՛, բապուճնին անգամ չէ մեր քաշածը[1],— կըսեին անոնք իրարու մեծ դառնությամբ։
Վասիլը կզգար, որ ճիշտ ժամանակն էր իր վաղուց փայփայած ծրագիրը իրագործելու, առայժմ կազմակերպելով
- ↑ Բառացի՝ իրենց կոշիկին անգամ արժանի չեն համարում մեր տանջանքները։ Փխբ.՝ նվազագույն նշանակություն չեն տալիս մեր տանջանքներին։