ակնարկը մարզված էր, և երբ իրենցմե մեկը եզրակացության մը կհասներ, անմիջապես նշանացի կհաղորդեր մյուսներուն իր դիտողությունը։ Անոնք ոչ միայն պայմանադրական բառեր ունեին, որուն իմաստը միայն իրենք կհասկնային, այլև դիմախաղերու և շարժումներու շատ բարդ և նուրբ ամբողջություն մը, որով իրարու հետ կհաղորդակցեին առանց բառ մը արտասանելու։
Այդպես է, որ, հանկարծ, հաճախորդ մը ամեն մեկ վաճառողի առաջ մերժում կստանար։ Այդ պարագային ձկնավաճառները ձեռքերնին կծալեին իրենց կուրծքին վրա և անշարժ կմնային։ Իզուր հաճախորդը կտապլտկեր, կերթար մեկեն մյուսին, հարցումներ կուղղեր։
— Ապրանքս ծախու չէ,— կպատասխանեին անոնք։
— Ինձի համար պահեր եմ,— կըսեին, երբ անհամբեր գնորդը մատնացույց ըներ կողովներու մեջ իր ուզած ձուկը։
Անոնք կսիրեին գործ ունենալ, մանավանդ, բարեկեցիկ արհեստավորներու հետ, որոնք թե՛ լավ կվճարեին և թե՛ ոչ միայն ապրանքին արժեքը գիտեին, այլև կհասկնային, թե այսինչ տեսակը ինչ դժվարություններով ձեռք բերված է։ Այդ կարգի հաճախորդներու հետ անոնք կբացվեին, զրույց կունենային։ Փաղաքշական խոսքերով կանվանեին իրենց ազնիվ տեսակի ձուկերը և անոնց որսի դժվարությունները կթվեին կարճ ակնարկներով, վստահ ըլլալով, որ խոսակիցը կհասկնա թե՛ տվյալ ձկնորսության տաժանքը և թե՛ ճարպկությունը։
Այդ փաղաքշական խոսքերը հաճախ անլուր հայհոյություններ էին, բայց իրենք ուրիշ բովանդակություն կդնեին անոնց մեջ.
— Էսլյուսի բ․․․ը՝ խըրլանղըճը, անձրևը պիտի գա, որ իր պահվտած տեղեն դուրս գա։
Կամ թե՝
— Օրերով պիտի սպասես ծովուն վրա, որ ատ մեծությունով թեքեր անցնի, շան որդին զոքանչիս պես չոթախ է:
Իսկ երբ այդ կարգի հաճախորդը գինը հարցուներ, ձկնավաճառները խորհրդավորությամբ և ցած ձայնով կըսեին