— Խոստացեր եմ,— ըսավ Բարպան տարեց ձկնավաճառին, որ կափսոսար, թե ինչպես ֆրենկները գյուզելիմ ձուկը կսպանեն, ջուրը կդնեն, կխաշեն,— խոստացեր եմ մեր ձևով, մեր գստոյով ձուկի ճաշ մը տալ։
Ակնավաճառը իր կրպակը կանգնած երիտասարդ վաճառողը ղրկեց հետազոտության։
— Կուզում Մարտի՛կ,— ըսավ ան,— գնա՛, Միքեին, Գալուստին, մյուսներուն քով, նայե ինչ ունին֊չունին, ըսե, որ Բարպային համար է։ Շո՛ւտ խաբար բեր։
Եվ աթոռակ մը տվավ Բարպա Խաչիկին, որ նստի և քիչ մը զրույց ընեն։
— Գործիդ արգելք չըլլամ,— ըսավ Բարպան։
— Չէ՜․․․ է․․․— պատասխանեց ձկնավաճառը,— հաճախորդներուն ոտքը կտրեր է․․․ գործերը նարին են․․․ կիրակի առտվանցով, նայե, մարդ չի կա․․․ ուրիշ ատեն գլուխ քերելու ատեն չէինք ունենար․․․ Ձեր էսնաֆին մեջ ինչպե՞ս է,— հարցուց ան Խաչիկին։
— Շատ գեշ է,— պատասխանեց Բարպան,— սեպե թե գործ չի կա։
— Մեր գործն ալ, ամա, մանավանդ, ձեր գործը,— ըսավ ձկնավաճառը,— ավելի գեշ կըլլա, հայտնի է․․․ Ո՞վ հիմակ կառք շինել կուտա․․․ Մենք նորեն գործեր մը կունենանք, հարսնիք կըլլա, միսաֆիր կըլլա, անուն, տարեդարձ․․․ վերջապես ճումբուրտու մը կըլլա․․․
Հետո ձկնավաճառը և Բարպան խոսեցան պատերազմի հավանականության մասին։
— Ատանկ բաներ մը, բաներ մը կան․․․ կխոսվի կոր,— ըսավ ձկնավաճառը, բայց պահ մը մտածկոտ մնալե հետո ավելցուց,— աման, ճանըմ, մենք մեր գործին նայինք, մեզի ի՞նչ, խմորի գործին խառնվելու չէ․․․ աս ո՞վ է,— ըսավ ձկնավաճառը՝ աչքով ցույց տալով Միհրանը, որ բերանաբաց կդիտեր գույնզգույն ձուկերու ցուցադրությունը։
— Քրոջս տղան է,— ըսավ Բարպան։
— Խերը տեսնես,— և ձկնավաճառին ակնարկը դարձավ հարցական։
— Քուրս մեռավ,— ըսավ Բարպան,— չոճուխը քովս առի։