Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/277

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կին սկսավ քիչ մը համ առնել պատմության և աշխարհագրության դասերեն, որոնք կավանդեր ծեր ուսուցիչ մը: Բայց սկիդրները ուսուցիչը չհասկցավ իր արտակարգ աշակերտին հետաքրքրությունը։ Յորկին որոշ պատկերացում կունենար ուսուցչի խոսքերեն և անընդհատ կարտադրեր այդ պատկերացումները թղթի վրա: Օր մը ծերունի ուսուցիչը կատղած գնաց Յորկիին մոտ՝ անոր ձեռքեն խլելու համար թուղթը և մատիտը և տեսավ, որ պատանին, իր դեռ անվարձ մատիտով, պատկերազարդեր Է իր ավանդած դասը։ Դադարի միջոցին ծերունին հայրաբար խոսեցավ Յորկիին հետ և խոստացավ հետևյալ օրն իսկ ցույց տալ անոր ալբոմ մը, որ կպարունակեր հին հունաստանի արձանային արվեստի նմուշներ: Պատանին թերթեց այդ ալբոմը, և անոր խիստ աչքերեն հիացման արցունքներ ժայթքեցին։


Այդ օրեն սկսյալ հիանալի երազ մը սկսավ թևածել պատանիին հոգվույն մեջ։ Իրեն կթվեր, որ աշխարհիս անարդարությունները և դեռ ամբողջ աշխարհը իրեն համար դպրոցն Էր, տունը, թաղին փողոցները, հորը արհեստանոցը, և իսպառ կվերանային, եթե մեկը հաջողեր կատարյալ ներդաշնակությունը իրագործել նյութով։ Անշուշտ, որոշակի չէր կարող վերլուծել իր մեջ ուրվագծվող այդ միտքը, բայց իր բոլոր էությունը կկարկառեր դեպի այդ երազը։ Կարծես իր կազմության շփոթի մեջ եղող ներքին քաոսին մեջ փրկության խարիսխ մը գտեր էր և կուզեր կառչիլ անոր։


Յորկին ավարտեր էր նախակրթարանը այսպես թե այնպես, և ամառվան արձակուրդի մեջ էին։ Ծնողքը կհամոզեին, որ մտներ միջնակարգ վարժարան։ Յորկիի տրամադրությունը կթուլանար և գրեթե համաձայներ էր, երբ դիպվածը մատնացույց ըրավ իր բուն ճանապարհը։


Իրիկուն մը Յորկին հորը հետ կբարձրանար Յուքսեք Կալդըրըմէն, զառիվերի վերջավորության հայրը կանգ առավ։ Նիհար և թուխ երիտասարդ մը, ամչկոտ երևույթով, կեցած էր այնտեղ և հակառակ օրվա տաքին կարծես թե կդողդղար. անիկա պատին առաջ շարեր էր քանի մը յուղաներկ պատկերներ՝ ծախելու համար։ Անոնցմե երեքը պոլսական բնանկարներ էին և մեկը միայն կներկայացներ