Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/294

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

են իրենց համար, ինչ որ ընեն, արգասավոր չի կրնար ըլլալ։ Բայց ինչպե՞ս ընել… Այդ ամբոխը, այդ անվերջ բազմությունները, այդ Էր իրականությունը, իսկ իրենք, բուռ մը արհեստավորներ, այդ ալեկոծ ծովու մեջ չոր ափունքին կեցած, կուզեին իրենց համար հարմար կյանք ստեղծել, մինչև որ ալիք մը գար և իր տարերային թափովը քշեր, տաներ ամեն ինչ։ Պետք Էր այդ տարերքին մեջ մտնեի նավարկել այդ ծովուն մեջ, տիրապեպել անոր, այդ սանձարձակ ուժը դարձնելու համար բարերար ստեղծագործող ուժ:


Վասիլը կդողար իր ամբողջ մարմնով, ինչպես եթե բոլորովին մերկ կանգնած ըլլար բաց և ալեկոծ ծովու ափին, խստաշունչ և մռնչացող քամիներու առաջ։ Անիկա ընդոստ կարթննար պաղ քրտինքի մեջ և կզգար, որ դարձյալ տենդը կբարձրանար, արյունը կսուրար երակներուն մեջ խրտնած և ապերասան ձիու նման։

                          *
                       *     *

Քանի մը օրերե հետո, առավոտ մը Սոֆյան, որ Վասիլի հիվանդության պատճառով շատ ուշ պառկեր Էր, արթնցավ իր սովորական ժամուն, վարագույրի ծալքը բացավ, դուրս նայեցավ և տեսնելով, որ դեռ մութ Էր, կրկին պառկեցավ և անմիջապես կրկին քնեց։


Մեկուկես ժամ հետո ընդոստ արթննալով զարմացավ, նշմարեց, որ դեռ մութ Էր։ Ոտքի ելավ և ժամացույցին նայեցավ։ ժամը իննին մոտ Էր։


— Աս ինչպե՞ս կըլլա,— ըսավ ան շտապ հագվելով։ Հետո բացավ պատուհանը և իր առաջ տեսավ անթափանց պատ մը։


Խիտ մառախուղը պատեր Էր աշխարհը։ Հեռուեն կլսվեր ոսփորի շոգենավերու թավ սույլը, որոնք անընդհատ վտանգը կազդարարեին իրարու։


Սոֆյան պահ մը շփոթեցավ, մտածելով, որ տղան ուշ Էր մնացեր։ Անիկա շտապով գնաց տղուն մոտ և անոր խիտ մազերը շոյելով, ըսավ բարձրաձայն.


—Յորկի՛, Յորկի՛, ել, տղաս, ուշ Է ժամանակը։