Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/31

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հեղինեն՝ խոհանոցը կեցած, գրեթե ուրախ աշխուժով կպատրաստեր խորոված, կհսկեր փիլավին և կտապակեր ձուկ և գետնախնձոր։ Հյուղակի մթնոլորտը տոգորվեցավ խորտիկներու ախորժաբեր ծուխով և հոտով․ դրացիներ կերթային, կուգային, և կիրակնամուտի ճաշը, ողողված մաստիկայով և Բենտիկի գինիով, տևեց մինչև ուշ գիշեր։

Հետևյալ առավոտյան, մեկնելե առաջ, Պետրոսը հորդորեց մայրը, որ Սոֆիցային հետ փոխադրվի Բերա։ Կխոստանար, որ եթե մայրը իր աչքի տակ ըլլար, ամեն կերպով կհոգար։

Ավուճով դրամ կվաստակիմ,— կըսեր ան,— ավուճներով ալ կծախսեմ. իմ փշրանքներովս մեկ չէ, երկու տուն կրնամ պահեր։

ՀեղիՆե և Սոֆիցա փոխադրվեցան Բերա, ուր երկար ատեն բնակեցան Գալյոնճի Գալուղի մութ և խոնավ սենյակ մը, մոռացված ամենեն, բազմամարդ և խճողված տան մը մեջ, ուր շնչելու օդն իսկ կարծես հաշվված էր։ Սոֆիցա միշտ սուր տանջանքով կհիշեր այդ ծանր տարիները։ Մայրն ու որդեգիր աղջիկը վարձեր էին ամեն տեսակ գործեր, բայց վերջապես տղամարդու շապիկներ կարդուկեին գործատերի մը հաշվույն, որ քանի մը ղրուշի փոխարեն մեծ խստապահանջություն ցույց կուտար ըսելով, թե իր բոլոր հաճախորդները ֆրենկներ են։ Փոքրիկ սենյակը, ցած առաստաղով, կլցվեր շոգիով, և թթված ամիդոնի հոտը նողկանք կպատճառեր երկուքին։ Երբեմն, ճարահատ, Հեղինեն կերթար Բանկալթի, տղան կտեսներ՝ մեկ-երկու մեջիդիե վերցնելու համար, բայց հորը մահվանե ի վեր Պետրոսը շատ փոխվեր էր։ Անիկա դարձեր էր խոժոռ և անսիրտ մորը նկատմամբ։ Խնդիրը այն Էր, որ անիկա թողեր էր իր մանթոնիթան, ամուսնացեր էր առևտրականի մը աղջկան հետ և ստացած դրամօժիտով կուզեր կոշիկի վաճառատուն մը բանալ Շիտակին վրա, շնորհքով մարդոց կարգը անցնիր։ Իսկ թշվառ մայրը, խունացած հագուստներով, մշտնջենապես կարիքի մեջ, թառամած դեմքով, կներկայացներ իրենց խոնարհ ծագումը, Նարլը Գաբուի ձկնորսի աղքատ ընտանիքը, և Պետրոսը կխորշեր այդ բոլորեն։