Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/326

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սոֆյան հասկցավ կացության ծանրությունը, երբ ժամ մը հետո ոչ թե Վասիլը, այլ Մուստաֆան վերադարձավ, այս անգամ դաժան խոժոռությամբ, երկու ուրիշ ոստիկաններու հետ, և անմիջապես հրամայեց տունը խուզարկել։ Ահաբեկված Սոֆյայի աչքերուն առաջ անոնք ոչ միայն ամեն բան տակնուվրա ըրին, այլև տախտակամածները քանդեցին, դարաններու պատերը ծակեցին, տունը ավերակ դարձուցին։ Երբեմն֊երբեմն ոստիկանապետը կուգար Սոֆյային մոտ և, սեղմած կզակը ցցած, սուր աչքերը գամելով անոր աչքերուն, կըսեր.

—Այս տան մեջ զենքի պահեստ կա, ու՞ր է։

Սոֆյան ուսերը կթոթվեր արհամարհանքով։ Անիկա կուրծքին վրա կզգար գրքույկը և կմտածեր, թե ի՞նչ պետք էր ըներ, եթե իր վրա խուզարկեին կամ եթե զինքն ալ տանեին ոստիկանատուն։

Քանի խուզարկությունը արդյունք չէր տար, այնքան ոստիկանները կկատաղեին և ավելրորդ ավերումներ կգործեին։ Անոնք վերջապես հեռացան՝ դռները բաց թողած: Քեհյան հետևեցավ ոստիկաններուն, թրջած կատվի պես, և տունը մտավ խոր լռության մեջ։ Հազիվ թե ոստիկանները փողոցի անկյունը անցեր էին, դրացի կիներ եկան շրջապատեցին Սոֆյան, որ քարացած մնացեր էր աթոռի մը վրա։ Անիկա ոչ մեկ հարցումի կպատասխաներ և կարծես բոլորովին անտարբեր էր այն սրտագին կարեկցության և մխիթարական խոսքերուն, որ կմրմնջեին դրացի կիները։ Անիկա, հանկարծ, ջղաձգված բազուկներով հեռու մղեց իրեն անմիջապես մոտը կանգնած կիները և սկսավ արձակել ողբագին աղաղակ մը։ Անիկա, կարծես, իր ամբողջ կյանքին դժբախտությունը կաղաղակեր, ջերմ արցունքներ խլելով ամենուն աչքեն։

Քիչ հետո դրացուհի մը, արծաթ դգալով Սոֆյայի սեղմված ատամներու արանքեն կջանար կազդուրիչ ըմպելի մը կաթեցնել, մինչ մյուս կիները՝ շուրջանակի կանգնած, կմրմնջեին.

—Վա՜խ, քայմենի, ծնած օրեն դժբախտ էր…