շատոնց գիտեր, որ իր շահուն համար ճիզվիտը կանգ չէր առներ ոչ մեկ ցած արարքի առաջ։ Բայց մեկը մատնել ոստիկանության՝ ուրիշ տեսակի խնդիր էր։ Հանրային կարծիքը չէր ներեր ոչ ոքի այդպիսի անարգ ոճիրը։ «Եվ ահա թե ինչու Զարեհը այլայլեցավ. անիկա վախցավ, որ ոստիկանը կբանա գաղտնիքը», մտածեց Բարպան և պաղ քրտինք մը զգաց քունքերուն վրա։
Բարպան սուրճը խմեց, երկու բաժակ ջուր պարպեց և կմտադրեր մեյ մը տուն հանդիպիլ, երբ Միհրանը երևցավ։
—Քաղաքը տակնուվրա վիճակի մեջ է,— ըսավ պատանին շնչասպառ,— դպրոցեն մեզ արձակեցին, գիշերօթիկները իրենց տուները կամ պաշտպաններու քով ղրկեցին ֆրերները հյուպատոսարան պիտի երթան։
Բարպային թուքը ցամքեցավ բերնին մեջ։
—Բեռնարներն ալ պիտի երթան,— ըսավ Միհրանը։
Բարպան վճարեց սուրճը և Միհրանին հետ փողոց նետվեցավ. նախ գնաց արհեստանոցը և Ղուկասին հաղորդեց կացությունը, պատվիրելով անոր աչքը չորս բանալ և հարկ եղած պարագային արհեստանոցը գոցել։ Հայտնեց, որ ինքը տուն պիտի երթար, բայց համաձայնեցավ Ղուկասին հետ, որ իրար գտնեն Լյուքսենբուրգի սրճարանը։
Երբ իր փողոցը հասավ, Բարպան տեսավ, որ կառք մը կեցած էր դռանը առաջքը։ Բեռնարները հապճեպով իրենց արժեքավոր իրերը կհավաքեին։ Վիկտորյան անոնց մոտ էր և կօգներ։ Բարպան և Միհրանը մտան հարևան տան բաց դռնեն և բարձրացան Բեռնարներու սենյակը։
—Մոն վիյե,— ըսավ էմիլը՝ տեսնելով Բարպան,— մեզ հրահանգված է երթալ հյուպատոսարան։ Բոլոր ֆրանսացիները պիտի համախմբվին։
Բարպան դժգույն և անխոս կդիտեր տակնուվրա եղած սենյակը։ Անիկա դիտեց, որ ժոզեֆինը՝ ջղագրգիռ, դեմքը ծամածռած, տգեղացած, առանց ուշադրություն ընելու իր ներկայության, կհավաքեր իրերը։ Անիկա նույնիսկ սաստեց իր ամուսինը, որ փոխանակ ծրարները կապելու կշատախոսեր Բարպային հետ։ Իսկ Վիկտորյան աղախինի պես կաշխատեր, ենթարկվելով ժոզեֆինի ջղագրգռություններուն։