կվախնամ… այնքան վայրենի ու կոպիտ են, որ չես կրնար երեակայել. Ալբերը կըսե կոր, անգլիացիները այդպես չեն իրենց ընտանիքներու մեջ, իրենց կիներու հետ, բայց այստեղ գաղութ Է անոնց համար:
—Ո՞վ Է Ալբերը,— ըսավ Միհրանը խոժոռելով։
—Օ՜հ, շատ ազնիվ երիտասարդ Է, բրըտոն Է, սև մազերով, կապույտ աչքերով, նավային սպա Է… իմ կավալերս է,— ըսավ Մաննիկը, գլուխը բարձրացնելով և չարաճճի ակնարկ մը ուղղելով Միհրանին։
Միհրանը ոտքի ելավ։ Մաննիկը զարմացավ։
—Ո՞ւր այդպես, Միհրա՛ն,— ըսավ ան։
—Գնա քու կավալերդ գտիր,— ըսավ Միհրանը հանկարծակի։
Մաննիկը ապշած մնաց և խորապես ազդվեցավ Միհրանի քինոտ վարմունքեն։ Հետո անոր շրթները ուռեցան դողդղալեն, և սկսավ հեկեկալով լալ։
Թեյարանի մյուս հաճախորդները կդիտեին այս տարօրինակ տեսարանը։ Մաննիկը, դեմքը ծածկած թաշկինակին մեջ, կուլար երեխայի նման, Միհրանը դեմը նստեցավ կրկին և ակնապիշ կնայեր հեռուն, չի գիտնալով ինչպես վերջ դնել Մաննիկի արցունքներուն։ Անիկա կուզեր Մաննիկի սիրտը առնել, քաղցր խոսքեր ընել, բայց եղանակը չէր գտներ։ Վերջապես, Մաննիկր՝ առանց դեմքր բանալու և առանց ուշադրություն ընելու, որ ուրիշները կլսեն իր խոսքերը, ըսավ հեծկլտալով.
—Դուն ալ չար ես, մամաս ալ չար է, դուք ինձի բնավ չեք մեղքնար… Մամաս կըսե, թե հիմար եմ… եթե հիմար չըլլայի, սպայի մը հետ կամուսնանայի և կփրկվեինք… Բայց այդ սպաները չեն ուզեր ամուսնանալ դրամօժիտ չունեցող աղջկան հետ, հասկցեք վերջապես…— և Մաննիկը մեկ ոտքը զարկավ գետին, շարունակեց.
-Հիմարը ե՞ս եմ, թե դուք… հանցանքը որո՞ւնն Է, որ մենք այս վիճակին մեջ ինկանք… մամաս չէ՞ր, որ կարծեց, թե Արտակը պիտի ամուսնանա ինձ հետ, և մեր վերջին ապավենը, մեր տունը, թողաց Զարեհ Էֆենդիին անունին… Ինչո՞ւ ինձի այս վիճակին մեջ դրիք, հիմակ ալ կըսեք, թե հի֊