Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/436

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այդպիսի առիթներու, գրեթե ակամա, Վասիլի խոսքերն էին, որ կուգային Բարպայի շրթներուն վրա։

Կադրին, լսելով Բարպայի խոսքերը, խոր նայեցավ անոր աչքերուն մեջ և ժպտեցավ։ Այդ օրեն հետո, ոչ միայն Կադրին, այլև ուրիշ բանվորներ ուշադրություն դարձուցին Բարպային, որուն հետ կվարվեին ակնածանքով և հաճախ խորհուրդ կհարցնեին անոր արհեստի վերաբերյալ խնդիրներու մասին։

Ղուկասը նախ դժգոհեցավ, տեսնելով Բարպային լավ հարաբերությունները այդ «հերգելե»֊ներուն հետ։ Բայց իրիկուն մը, վերադարձին, Բարպան ըսավ Ղուկասին.

-Աղեկ տղաքներ են, հեչ ալ հերգելե չեն։ Ղուկասը քրթմնջեց։

-Ապագան անոնցն է,— ըսավ Բարպան,— մեր ժամանակը անցեր է, մենք այսօր կանք, վաղը չի կանք, բայց այդ երիտասարդները ուրիշ բաներու համար կպատրաստվին կոր:

-Չէ՛, ճանըմ,— ըսավ Ղուկասը հեգնական։

-Շահագործում կրսեն կոր, բանվոր դասակարգ կբռեն կոր,— ըսավ Բապան՝ խոր շունչ քաշելով,— և պատրաստ են կռվելու. ըսի, որ կազմակերպվին։

-Անոնք արդեն կազմակերպություն մը ունին,— ըսավ Ղուկասը,— ինձ հետ աշխատող Ներսեսը և Յուվանը ի նոցանե են. ինձի խոսեցան այդ մասին, ժողովի երթանք ըսին, ես ականջ չի կախեցի։

Երկու տարեց բանվորները շարունակեցին իրենց ճամփան։

Բարպան բավական կազդուրվեր էր. հակառակ ճերմակ մազերուն և դեմքի խոր ակոսներուն, անիկա ստացեր էր առույգ երևույթ։ Անոր խաժ աչքերուն մեջ սկսեր էր երևալ վարանող երազ մը։

-Ատանկ կազմակերպություններ կան Եվրոպայի մեջ,-ըսավ ան՝ խոր շունչ մը քաշելով,– Յորկին շատ բան գրեր է Միհրանին։

Ղուկասը ինկավ մտածումներու մեջ։

-Բայց այնտեղ Եվրոպա է ավելցուց Բարպան՝ հա-