երեխաներուն համար։ Եվ, վերջապես, դպրոցի տնօրենը, ավագ ֆրերը, անձամբ խոսելով Խաչիկին հետ, խորհուրդ տվեր էր, որ Միհրանը այլևս գործի մը դնե և նույնիսկ տղուն շահուն համար հրաժարի պատանին սովորեցնելու ավելի բարձր կյանքի, ինչ որ անխուսափելի էր այդ կոլեջին մեջ, ուր միայն բարձր դասու տղաքը կհաճախեին, քանի որ, ըլլալով արհեստավորի տղա, որդեգրված նույնպես արհեստավորի տան մեջ, Միհրանը սահմանված էր ուշ թե կանուխ դառնալու արհեստավոր, և թե իրեն տված ուսմունքը ոչ միայն որևէ օգուտ չէր կրնար ունենալ անոր համար, այլև, ընդհակառակը, վնաս, քանի որ կարող էր տղան շեղեցնել իր ճամփեն, այն, ինչ որ նախախնամությունը գծած էր իրեն համար, ծնեցնելով ստորին խավի մեջ, և թե այդպիսով է, որ առաջ կուգային առնվազն անպետք մարդիկ, բայց և երբեմն ըմբոստներ իրենց վիճակեն, և այդպիսիները չարիք կդառնային հասարակության։
Թեև Բարպան խորապես վիրավորվեր էր՝ լսելով ավագ ֆրերին առարկությունները, բայց հաստատ մնացեր էր իր մտադրության մեջ և ամբողջ ամառվան ընթացքին Միհրանին հետ կխոսեր անոր ապագա դպրոցական կյանքին վրա։ ինչպես եթե ամեն ինչ վճռված ըլլար։ Երբ փողոցը կհանդիպեին ֆրերներու դպրոցի համազգեստով պատանիներու, Բարպան ցույց կուտար Միհրանին իր ապագա ընկերները և գիտելով այդ բախտավոր պատանիները, սրտագին հրճվանք կունենար։
Բարպան չէր կրնար հրաժարիլ Միհրանին ֆրանսիական կրթություն տալու ծրագրեն։ Անոր համար այդ բանը միայն փափագ չէր, այլ շատ խոր արմատ կապած համոզումի մը արդյունքը։ Անիկա ընդհանրապես չէր ատահայտեր իր մտածումները այդ մասին, բայց երբ քիչ մը ավելի խմած ըլլար, անիկա դուրս կուգար իր սովորական վերապահութենեն, աչքերը ժպտուն, կարծես պատրաստ մեծ հայտնության մը, կհարցներ իր քեռորդվույն.
— Միհրան, ի՞նչ կա Ֆրանսայի մեջ։
Միհրանն անմիջապես և եռանդով կպատասխաներ․
— Ազատությո՛ւն, եղբայրություն, հավասարությո՛ւն։