Բայց դեմիրճի Հակոբը ոգևորվեր էր և ավելցուց.
— Երբ ժամանակները գեշ են, մեզի համար ալ գեշ է, բայց երբ աղեկ ըլլան, այդ աղեկութենեն բաժին չունինք․․․ ասանկ է եղեր աշխարհը, բայց ասկե ետքը ասանկ չըլլար․․․ Բարպա, մեր ժամանակներուն մեջ աճայիպ բան մը կա․․․ դենեմիշ ըրե, հոտ մը կառնե կոր․․․
— Ասանկ է եղեր մեր երկրին մեջ,— ըսավ Բարպան բայց ուրիշ տեղ ուրիշ կերպ կըլլար:
— Մի՛ հավատար, Բարպա, հեռվանց սուրբը զորավոր կըլլա,— ըսավ Հակոբն օդի մը նետելով,— հոնտեղերն ալ, ո՞վ գիտե, բիլինմեզ ինչեր կան․․․ Չէ՛, հեռուինը հեռու է, թող իրենք մտածեն, բայց անցյալ օր Վասիլը բան մը կըսեր կոր, խելքս պառկեցավ։
Բարպան ուշադիր դարձավ։
— Ապոստոլին վրայոք էր։ Վասիլի կարծիքը այն է, որ եթե բոլոր արհեստավորները միանան․․․ Բարպան ընդհատեց Հակոբի խոսքը։
— Ղուկասը ուշացավ,— ըսավ անիկա, կերևի բան կա․․․
— Դուն հիմակ ան նայե, Խաչի՛կ,— ըսավ Հակոբը, օղիի լեցուն բաժակը վերցնելով,— ինչ որ Ապոստոլին պատահեցավ, մեզ ամեն մեկուս կրնար պատահիլ․․․
Ապոստոլը, երիտասարդ բանվոր մը, շիկացած երկաթը սալին վրա փոխադրած ատեն սայթաքեր էր, և երկաթը իյնալով բոբիկ ոտքին վրա, ծանրապես վիրավորեր էր։
— Այդ ճիշտ է,— ըսավ Բարպան՝ հառաչելով։
— Դուն ան հաշիվ ըրե, Բարպա,— շարունակեց Հակոբը, պատառաքաղին ծայրով հյութեղ մեզե մը վերցնելով,— մենք շաբաթականով ապրող մարդիկ ենք, աղեկ կապրինք, խոսք չի կա, բայց եթե պատահի, որ մեկ, երկու, երեք շաբաթ չաշխատինք, ի՞նչ կըլլա մեր վիճակը։ Ասիկա մտածեմ լիք բան է։
— Մինակ վտանգը չէ,— ավելցուց Բարպան,— հիվանդությունը կա, ծերությունը կա․․․
— Ըսենք, ծերությունը հե՛չ․․․ ո՞վ կմտածե․ հիմակ մենք կապրեցնենք կոր մեր չոճուխները, վաղը-մեկալ օր