Այստեղ վերջանում է Բհագավադգի՜տա՜յի տասներեքերորդ գլուխը՝ որի անունն է Նիւթի եւ Նիւթի գաղափարի տարբերութեան Եօգա:
ԺԴ.
Կրիշնան խօսեց.
Գերագոյն գիտութիւնն եմ պատմում քեզ գիտութիւնների ծայրագոյն գիտութիւնը, որը ճանաչելով բոլոր մենակեացները՝ գերագոյն երջանկութեան գնացին:
Այս գիտութեան մէջ թափանցելով ու իմ դրութեան խելամուտ լինելով՝ Ստեղծագործութեան օրը նրանք չեն վերածնում և մարմինների քայքայումը նրանց չի վնասում:
Իմ արգանդը մեծ Բրահման է, այստեղ սերմը դնում եմ ես, և դա բոլոր էակների էութիւնն է դառնում:
Բոլոր արգանդների մէջ ծնունդ առած մարմիններից, Բրահման է մեծագոյն արգանդը և ես բեղմնաւորիչ հայրը:
Ճշմարտութիւն, բնազդ ու խաւար. ահա բնութիւնից ծնած եղանակաւորումները, որ մարմնին են կապում անայլայլ հոգին:
Այնտեղ ճշմարտութիւնը իր անապականութեամբ փայլուն ու առողջ կապում է նրան երջանկութեան ու գիտութեան ձգտումով:
Բնազդը՝ ազդակից կրքին ու ծնած ախորժակից, կապում է հոգին գործի ձգտումով:
Իսկ խաւարը՝ ծնած տգիտութիւնից ու խռովիչ բոլոր հոգիների, կապում է նրան ապշութեամբ, ծուլութեամբ և թմրութեամբ:
Ճշմարտութիւնը քաղցրութեամը է գրաւում, բնազդը գործով, իսկ խաւարը ծածկելով գիտութիւնը՝ գրաւում է ապշութեամբ:
Ճշմարտութիւնը ծնում է բնազդի ու խաւարի պարտութեամբ, բնազդը խաւարի ու ճշմարտութեան պարտութեամբ. իսկ խաւարը ճշմարտութեան և բնազդի պարտութեամբ:
Երբ բոլոր դռներից մեր մարմնի մէջ թափանցում է գիտութեան լոյսը, այն ժամանակ ճշմարտութիւնը հասունանում է: