Jump to content

Էջ:Գրական քննադատական երկեր, Նիկոլ Աղբալյան.djvu/173

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կարելի է ուրեմն ասել, որ 1829 թ. նա Թիֆլիսումն էր։

Յայտնի չէ թէ այնուհետեւ ի՞նչ Էր անում Նազարեանը։ Մենք կարծում ենճ, որ մինչեւ 1832 թ. նա մնաց Թիֆլիսում: 1829. թ ամառը գիտնական Պարրոտը եկաւ Կովկասն ուսումնասիրելու եւ յատկապէս Արարատի գագաթը բարձրանալու: Մի տարի յետոյ նա ամառը վերադառնում էր Դորպատ: Նրա հետ էր եւ Խ. Աբովեանը: Բնական է, որ Աբովեանը Թիֆլիսում տեսնէր իր սրտակից ու դասընկեր Նազարեանին, պատմէր իր վերելքը դէպի Արարատի գագաթը, խօսէր իր բարերար Պարրոտից եւ շատ նորութիւններ հաղորդէր Նազարեանին այդ զարմանալի գիտնականների մասին: Շատ հաւանական է, որ Աբովեանր տարաւ Նազարեանին Պարրոտի մօտ եւ ծանօթացրեց նրա հետ: Որ Նազարեանը տեսել է Պարրոտին, այդ երեւում է Պաստոր Վէոլէրի վկայութիւնից, որի ասելով մեծանուն գիտնականը խորհուրդ է տուել Նազարեանին Դորպատ անցնելու եւ իր ուսումն այնտեղ շարունակելու (*):

1832 թ. Խ, Աբովեանի բարեկամ գերմանացի Շվէբան Դորպատում հարցնում է Աբովեանին, թէ չկա՞յ մի ուրիշ ընդունակ հայ երիտասարդ, որ գար Դորպատ եւ աշակերտելով եվրոպական գիտութեան՝ վերադառնար հայրենիք իր խաւար ազգը լուսաւորելու: Աբովեանը տալիս է, Նազարեանի անունը եւ աւելացնում, թէ անցեալ տարի (ուրեմն 1831 թ.) շատ աշխատեցի նրան բերել այստեղ, բայց չյաջողուեց: Այստեղից կարելի է եզրակացնել, որ Նազարեանն այդ թուականին դեռ Կովկաս էր: Պարրոտը Նազարեանի առաջ բացում էր գիտութեան նոր հորիզոններ. բնական է, որ ուսումնածարաւ պատանին ցանկանար հետեւիլ նրա խորհուրդին եւ Աբովեանի օրինակին՝ գնալ Դորպատ եւ ստանալ այնպիսի գիտութիւն, որ չէր կարող գտնել Կովկասում: Մեզ յայտնի չէ թէ ո՛ւմ միջնորդութեամբ. կամ ի՛նչպէս կարողացաւ Նազարեանը նպաստ ստանալ բժիշկ Սոլոմոն Տէր-Ղուկասեանից, ինչպէս եւ չգիտենք թէ ի՞նչ մարդ էր այդ բարերարը: Իրողութիւնն այս է, որ 1832 թ. Նազարեանը մեկնում է Կովկասից Դորպատ՝ մօր հոգսը թողնելով մեծ եղբօր վրայ։

(*) Լէօ, Ստ. Նազարեան, Ա. 63։

- 140 -