պէս ծաղկեցրել են որեւէ նոր արկածով կամ մանրամասնութեամբ ժողովրդական այս կամ այն նիւթը, իրենց ժամանակի հայեացքով մեկնաբանելով նրան ու լրացնելով թերի համարուածը: Երբ ասում են թէ ժողավրդական բանահիւսութիւնը հաւաքական ստեղծագործութեան արդիւնք է՝ այդ մտքով պէտք է հասկանալ։
Քաջ Նազարի պատմութիւնը շատ պարզ է. վախկոտի մէկը, որ առանց կնոջ իրենց շէմքն իսկ չէր կարող դուրս գալ գիշերով, մի քանի նպաստաւոր արկածներից յետոյ, որտեղ իր մասնակցութիւնը լիովին կրաւորական է, հասնում է փառքի եւ մեծութեան ու դառնում թագաւոր: Եօթ հսկաներ ծառայում են նրան, հսկաների սիրուն քոյրը նրա կինն է, ժողովուրդը նրա գովքն է երգում եւ աշխարհը նրա բռան մէջն է։
«Ասում են մինչել էսօր էլ դեռ ապրում ու թագաւորում է Քաջ Նազարը: Ու, երբ քաջութիւնից, խելքից, հանճարից մօտը խօսք են գցում՝ ծիծաղում է, ասում է.
—Ի՜նչ քաջութիւն, ի՜նչ խելք, ի՜նչ հանճար. դատարկ բաներ են բոլորը: Բանը մարդուս բախտն է: Բախտ ունե՞ս — քէփ արա:
Եւ ասում են մինչեւ էսօր էլ քէփ է անում Քաջ Նազարը ու ծիծաղում աշխարհքի վրայ» (էջ 16):
Նազարը, որին կինը տանից դուրս էր արել, հարեւանի իշին նստած մտնում է անտառ. նա գոռում է վախից, իսկ դիմացից եկող գիւղացին կարծելով թէ աւազակի է հանդիպել, ձին թողնում է ու փախչում: Նազարը դառնում է մի ձիու տէր:
Ընկնում է մի հարսանքատուն: Քահանան կարդալով Նազարի դրօշակի վերատառութիւնը, թէ նա մի զարկով ջարդում է հազար՝ Նազարենց գիւղի քահանայի ծաղրը հալած իւղի տեղ է ընդունում եւ ահա վախկոտ Նազարը հասնում է պատուի եւ հռչակի:
Եօթ հսկաներ տեսնելով Նազարին իրենց ամրոցի տակ պառկած մեն—մենակ եւ լսած լինելով նրա հռչակը՝ նրա ահից դողալը համարում են բարկութեան նշան եւ ահա Նազարն ունի եօթ հսկայ ծառայ եւ նրանց սիրուն քրոջն իբր նշանած:
Հսկաների աշխարհում մի վագր է լոյս ընկել: Նազարը սարսափած ծառն է բարձրացել ու պատահմունքով վայր ընկել վագրի մէջքին։ Վագրը վազում է խելայեղ, Նազարը հազիւ է իրան պահում վագրի մէջքին, իսկ Ժողովուրդը կարծում է թէ նա վագրին ձի է շինել ու վրան նստել: Եւ ահա Նազարի անօրինակ քաջութեան