Գրութեան նոյն տարօրինակ ձեւն ունին եւ Գր. Նարեկացու տաղերը եւ շատ ուրիշ, աւելի աննշան հեղինակների գործեր: Այս երեւոյթի պատճառները քննելը չէ մեր նպատակը, այլ միայն ցոյց տալ, որ Ի. Իսահակեանի գրութեան ձեւն աննախընթաց չէ մեր գրականութեան մէջ։
Բայց այն ինչ ներելի էր ԺԱ. դարում մի մեծամիտ եւ ինքնահաւան աւատականի, ներելի չէ մեր քաղքենի եւ ռամկավար դարում մի սկսնակ հեղինակի: Գրուածքրը պէտք է անմիջապէս մատչելի լինի իր կառուցուածքի կամ յօրինուածքի եւ լեզուի պարզութեամբ. այս մէկը չպէտք է մոռանան հեղինակները: Նա պէտք է անմիջապէս գրաւէ ընթերցողին. նա կարող է շատ խորին իմաստ ունենալ եւ անհունապէս շատ ապրումներ խտացնել, բայց առաջին իսկ հայեացքից նա չպէտք է վանէ, այլ քաշելով ընթերցողին դէպի մուտքը՝ դրդէ նրան շէնքի խորքերն անցնելու:
Այս տարրական պահանջը անգիտացել է մեր սկսնակը եւ դրանից պիտի տուժեն թէ՛ ինքը եւ թէ իր գործը, մինչդեռ երկուսն էլ արժանի են ուշադրութեան:
Գրուածքն իր ձեւով դրական ոչ մի սովորական տեսակի չի յարմարում. սա ոչ վէպ է, ոչ պատկեր, ոչ զրոյց, ոչ հէքեաթ. սա մի զէղում է կամ լաւ եւս մի խանդավառ հիացում սիրոյ գոյութեան եւ նրա արթնանալու առիթով՝ գարունքին:
«Հէքեաթ արեւի տակ» գրուածքը քսան գլուխ ունի, որոնցից երկուսը (Դ. ԺԳ.) նոյն իսկ հեղինակի գրութեան կերպն ի նկատի առնելով՝ անյաջող են, իսկ մեկը՝ (Թ.) թոյլ։ Բոլոր գլուխները չնայած գրութեան խրթին լեզուին եւ նիւթի անսովոր մշակութեան՝ կապուած են իրար եւ կազմում են մի ամբողջութիւն։
Ի՞նչէ սէրը. դա մի տենչ է դէպի հէքեաթ-աղջիկը, մի տենչ, որ ծնում է արեւաղուն թագաւորի (երիտասարդի) սրտում եւ ստիպում նրան որոնելու Երազ-Աղջկան: Եւ ահա նա սիրում է շատ աղջիկներ, որոնցից ամէն մէկը որեւ է բանով նման է Երազ-Աղջկան, բայց եւ որոնցից ոչ մէկը նա չէ լիովին։ Սիրոյ մի ըմբռնում, որի յար եւ նմանը տեսանք Մ. Մանուէլեանի Victus Salutat փոքրիկ գրուածքում:
Եթէ նկատի առնենք, որ այս երկու հեղինակներն իրար վրայ չեն ազդել եւ հակադիր խառնուածք ունեն, ապա հայեացքների այս նոյնութիւնը չափազանց նշանակալից կը դառնայ: Իսկ եթէ սրանց
- 220 -