միտ՝ նայում է չորս կողմը:Բոլոր ապրումները հազիւ հասնում են գիտակցութեան, հազիւ ուրուագծւում են:Անգիտակցական աշխարհի ցայտումներ են, դանդաղ ալիքների ծփումներ ոգեկան աշխարհի ծովում, որոնց կատարները վայրկենապէս շողում են գիտակցութեան ճառագայթների տակ:Պատկեր ու միտք, ամէն ինչ խուսափուկ է այդ հոգու մէջ. նշմարելի, բայց ոչ շօշափելի:
Հետաքրքրական է հետեւիլ այդ հոգու ընթածիրին (տրաեկ–տորեա). դրանով կը պարզուի մեզ համար թէ՛ այդ հոգին, թէ՛ նրա ապրումների բնոյթը:Իբրեւ «ես»՝ նա զատում է իրան շրջապատի զանգուածից այն ժամանակ, երբ անցել էր լայնածաւալ Ռուսաստանի նոյնքան լայնածաւալ մեծ փոթորիկը, երբ շինարար եւ հանրաշահ իդէալներին հաւատացող մարտիկները իջել էին կեանքի բեմից հողի ծոցը կամ տարագիր ապրում էին հեռուներում՝ «պատերազմը բարւոք պատերազմած եւ ընթացքը կատարած»:Մնացել էին բարոյական ու նիւթական աւերակներ, յաղթանակող բռունցքը եւ ջղաձիգ ցոփութեան հերոսները:
Եւ այս ճահճի մէջ ծլում է մի երազող ու գթոտ հոգի։Առաջին հարցը, որ բարձրանում է այդ հոգում՝ իր ինքնութեան, իր անելիքի հարցն է, որի պատասխանը մի երկտուն բանաստեղծութեան ձեւ է ստանում:Հոգիս վճիտ աղբիւր է եւ ստուերաշատ ծառ. կեանքում շատ կան ծարաւ ու յոգնած սրտեր. կարող եմ ամէնքի ծարաւը կոտրել եւ իմ ստուերով փայփայել (էջ 7)։Այսպէս բարեացակամ, այսպէս գութով դէպի աշխարհն ու մարդիկ՝ կեանք է մըտնում այդ հոգին, ամէնքի մէջ եղբայր ու բարեկամ տեսնելով, տառապողներին մխիթարելը իր կոչումը նկատելով:Այս «լուսեղէն հոգով թիթեռնիկը» նոյնպիսի գութ ու շոյանք է սպասում բոլոր «եղբայրներից», ինչ որ ինքն ունի նրանց համար (8)։Նա կ՚ուզէր հոգի լինել ու ձուլուել բոլոր սիրող սրտերին (9):Երբ կնոջական բնազդը այդ հոգում ուրուագծում է մի անորոշ «նա՝» այղ երազողն այլ բան չի սպասում «նրանից», քան շոյանք ու նանիկ եւ մոռացում «նրա» երգով (10):
Բայց ահա առաջին հանդիպումը. երազկոտ ու մաքուր հոգին պատահում է մեծ փոթորկից ու հեղեղից ազատուած տղամարդուն:«Սիրի՚ր ինձ երազի, զեփիւռի, նուագի նման», ասում է աղջիկը, որովհետեւ.
Երազն է սիրուն, անուրջը անուշ, Թախիծը սիրոյ, ցաւը տենչանքի,