Jump to content

Էջ:Գրական քննադատական երկեր, Նիկոլ Աղբալյան.djvu/351

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

երեւոյթների համեմատութեամբ դատաստան կտրելու համար: Ով տեսնում է միայն արուեստը՝ կարող է նրան վերագրել բացառիկ արտօնութիւններ, բայց դրանով մատնած կը լինի իր տեսողութեան կարճութիւնը միայն: Եւ յետոյ. «Կեանքը անցեալի եւ ապագայ անընդհատ կռիւն է». ճարտասանական մի ձեւ է սա, քան խելացի մտածում. մրցորդ չի կարող լինել մի բան, որ դեռ գոյութիւն չունի,—ապագան… Այս կարգի յօդուածները չեն կարող ո՛չ հայ ընթերցողի մտաւոր պաշարը հարստացնել, ո՛չ մտածումը կրթել։ «Գեղարուեստը» մեծ ծառայութիւն արած կը լինէր մեր մշակոյթին, եթէ մեզ անմիջական շփման մէջ դնէր մեծ արուեստագէտների մտածման հետ. տար մեզ նշանաւոր նկարիչների, երաժիշտների, արձանագործների եւ ճարտարապետների մտքերն իրենց արուեստի մասին: Գալով արուեստի տեսարաններին` պէտք է ընտրել ամէնից աւելի անվիճելի մեծութիւնները, որոնք ունին հմտութիւն, ստոյգ տեղեկութիւնների հարստութիւն, սուր աչք եւ խոհուն միտք: Ի. Տէնի մի էջն անշուշտ շատ աւելի բան կը տար մեր ընթերցողին, քան Մակովսկու տասը յօդուածը:

Գ.Լ.Ի «Բարին, ճշմարիտը, գեղեցիկը» մեծ անունների եւ աւելի մեծ բառերի մի երկար շարան է, որ ընթերցողին շնչասպառ վաղեցնում է ստեղծագործութիւնից մինչեւ Օ. Ուալդ՝ հասցնելու վերջապէս ան մտքին, թէ արուեստի մէջ երբեմն բարին, ճշմարիտն ու գեղեցիկը միասին են եղած, յետոյ արուեստագէտները բարին «անջատել էին, որ իրանք մնան լոկ ճշմարտի եւ գեղեցկի հետ, դարավերջին էլ գեղարուեստի էութեան միջից համաձայնեցին դուրս հանել «ճշմարտին», որով մնաց միայն գեղեցիկը: Իսկ վէրջին շրջանի արուեստագէտներն էլ առաջնակարգ տեղ են տալիս իրենց երկերի մէջ ո՛չ բարուն, ոչ ճշմարտին, այլ գեղեցկին» (էջ 9)։

Անօրինակ զօրութեան տէր են արուեստագէտները. նստում են ժողովի, համաձայնութեան են գալիս «ճշմարիտը հանել գեղարուեստի էութեան միջից. լաւ լսէք. «էութեան միջից», ուրեմն իշխանութիւն ունին եւ արուեստի էութեան վրայ, ու գեղեցկին թողնում են մեն—մենակ: Սա «տեսականն» է: Իսկ ահա «պատմականը»: Ե՞րբ են ծնուել բարին, ճշմարիտն ու գեղեցիկը. «Երբ իր քաօսական դրութիւնից ու յաւիտենական խաւարից ազատուեց տիեզերքը եւ ծագեցին մեծ լոյսի առաջին իսկ շողերը, նոյն այդ վայրկեանին (եւ ոչ ուշ կամ վաղ, Ն.Ա.) իրենց բերկրարար ծնունդն