Jump to content

Էջ:Գրական քննադատական երկեր, Նիկոլ Աղբալյան.djvu/85

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կարդացող ու մտածող, միշտ բարձր խոհերի անձնատուր Վանահայրը։ Կարող էք պատճառ բերել Աբեղայի կամքի թուլութիւնը, բայց ահա Վանահայրն իր ուժեղ կամքով, ահա վերջապէս կոյր Աբեղան, որ հասել է ժխտումի հերկուլէսեան սիւներին, հանել է իր աչքերը՝ աշխարհն ու նրա «արեւի ծագում»ը չտեսնելու համար:

Մենք տեսանք թէ ինչպէս դրուած խնդիրը ազդում է միջավայրի եւ հերոսների ընտրութեան վրայ. կարելի է ասել, որ դա մի բնական հետեւանք է, մի անխուսափելի հետեւութիւն: Այժմ տեսնենք թէ խնդիրն ի՞նչպէս ազդում է նաեւ բովանդակութեան եւ հիւսուածքի վրայ: Պէտք է շփումներն արտաքին աշխարհի հետ նուադագոյն չափերի հասնեն՝ խնդիրը հատու եւ պայծառ դնելու համար: Եւ ահա Իշխանն ու իր աղջիկը գալիս են կղզին եւ նոյն օրն եւ եթ հեռանում: Աբեղան լաստի վրայ է միայն տեսնում աղջկան. պատահաբար զրրկում է նրան մի կարճ ժամանակ եւ այնպիսի պարագաներում, երբ ամէնից աւելի իր ու աղջկայ կեանքը ծովից ազատելու մասին պիտի մտածէր, քան թէ Սեդայի պատճառած հաճոյքը վայելէր։ Այսքան նուազ է Աբեղայի շփումը կեանքի հետ:

Համարեայ նոյնքան փոքր շփում է ունեցել եւ Վանահայրը: Մի քանի «Հասարակ խօսքեր», որ փոխանակել է նա Իշխանուհու հետ արքունի ամարանոցում 25 տարի առաջ. այնուհետեւ «ութ–տաս» հանդիպում եւ «մէկ—երկու խօսք», «տափակ, անգոյն եւ միշտ կողմնակի բառեր». վերջապէս թէեւ աւելի յաճախակի հանդիպումներ Ցամաքաբերդում, բայց միշտ խօսակցութիւններ կառուցուող եկեղեցու եւ նրա ծախսերի մասին: Քիչ է նաեւ վանականների շփումը, որքան կարելի է մակաբերել նրանց «փորձութիւններից» արտաքին աշխարհի խղճուկ տպաւորութիւնները՝ հաւանօրէն ուխտագնացութիւնների ժամանակ ստացած:

Եւ կռուի ու սիրոյ աշխարհի այս չնչին պատառիկների դէմ է, որ պայքարում են Վանահայրը, վանականներն ու Աբեղան. մէկն իր մտքի ուժով, միւսներն իրենց երեսը խաչակնքելով կամ Տիրամօր անունը տալով եւ վերջինն իր ներքին վարանումներով: Այստեղից անհրաժեշտօրէն բխում են դրամայիր բոլոր տեսարանները. Վանահօր եւ ճերմակաւորի հակաճառութիւնը, Իշխանուհու եւ Վանահօր երկու տեսարանը. Վանահօր եւ Վանականների երկու տեսարանը: Նոյն աղբիւրից են ծնունդ առնում Աեդայի եւ Աբեղայի տեսարանները: Ճգնաւորի եւ ունայնութեան փոսի մտապատրանքը, Վահագնի տաճարի եւ միգանուշների տեսարանները եւ Աբեղայի ծովն