Jump to content

Էջ:Գրական քննադատական երկեր, Նիկոլ Աղբալյան.djvu/89

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բազմութիւնները կազմակերպուած են եւ շարունակում են կազմակերպուէլ. անկախ անհատները կամ յանցաւոր են դառնում կամ մեկուսանում եւ չունեն հասարակական կշիռ:

Մեր դարը գերազանցօրէն ընկերական դար է. ընկերական գիտութեան,ընկերական ձեռնարկների, մտածումների, իդէալների,եւ աննպաստ՝ անհատների բազմակողմանի, ազատ եւ անկախ զարգացման: Եթէ մրցում են՝ խմբերն են մրցում. յաղթւում եւ պարտւում են բազմութիւնները, միութիւնները, անհատները միաւոր են ընդհանուրի մէջ, աղիւսներ շէնքի մէջ, զինուորներ բանակում: Ոչ թէ հերոսներն են ասպարէզ նետւում, այլ բանակները. առաջնորդները մասսանէրի կամքն են կատարում եւ ոչ թէ գործում իրենց հաշուին։ Կամաց—կամաց չքանում է ասէք անհատական նախաձեռնութիւնն ու պատասխանատւութիւնը. աշխարհը շատ է նեղացել անկախ անհատների համար: Մի Մակբէթ իր հաչուին եւ իր պատասխանատւութեամբ ձգտում է գահի եւ մի շարք ոճերի կատարում. նման անհատներ ներկայումս անհնարին են. հազար աչք ու բերան կայ այսօր ամենազօրեղ անհատին անգամ վար նետէլու համար իր խիզախ ծրագիրների բարձունրից:

Բուռն կրքերը, որ մի ժամանակ կարող էին դառնալ աւերիչ կամ շինարար գործօններ՝ խամրում են մարդկանց մէջ, որովհետեւ ստեղծուած է արդէն հաւաքական եւ կազմակերպուած գիտակցութիւն, կամք եւ զգացում: Փառասէրը երազում է միայն, որովհետեւ գործի աշխարհում անխորտակելի խոչընդոտներ կան հիմա. հերոսների դարն անցած է արդէն, այսօր խմբերն են հերոսանում: Այս ընդհանուր վիճակի արդիւնքն այն է եղած, որ բոլոր զօրեղ անհատականութիւները, որոնք մասսաների լայն ընթացքից ղարտուղի են զարգանում՝ իրենց հոգու մէջ են ապրում պայքարն ու ընդհարումը։ Հիմա կարելի է ներքնապէս դրամաներ ապրել՝ առանց կեանքի սովորական, քաղքենի ընթացքը փոխելու. դրամաներ, որ ապրւում են իբրեւ տենչանք ու երազ մի բուռն կեանքի, բայց որոնք գործ չեն դառնում արտաքին աշխարհում: Դրաման ծաղկում է այնտեղ, ուր անհատական գիտակցութիւնը վեր է բարձրանում հաւաքականից եւ ընդհարւում է նրան՝ քաշելով իր հետ և կամքն ու զգացումը. ուր անհատն ըմբոստանում է եղած կարգերի, օրէնքների, ըմրռումների դէմ եւ միշտ յանուն իր անհատական զգացումի, կամքի եւ գիտակցութեան: Մեր ժամանակները նպաստաւոր չեն դրամայի համար: