Jump to content

Էջ:Դոն Կիխոտ.djvu/117

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դոն Կիխոտը իրեն ազատ զգա թե չէ, նորից իր էշը կքշի և այնպես կփախչի, որ այլևս նրան գտնելու հնար չի լինի։

— Ես երաշխավորում եմ, որ նա չի փախչի,— ասաց Սանչոն։

Դոն Կիխոտին բաց թողին։ Նա թեթևացավ և խոսակցության բռնվեց եկվոր եկեղեցականների հետ։

ԳԼՈՒԽ XXVIII
ՈՐ ՊԱՏՄՈՒՄ Է ԴՈՆ ԿԻԽՈՏԻ ՎԵՃԻ ՄԱՍԻՆ
ՀՈՎՎԻ ՀԵՏ

Վանականների ծառաները, որ գնացել էին մոտակա իջևանատունը կերակուր բերելու, վերադարձան։ Կանաչ դաշտում գորգ փռեցին, որ փոխարինեց սեղանին, ու բոլորը նստեցին ծառերի ստվերի տակ՝ ճաշի։ Սայլապանը այդ ընթացքում պիտի եզներին արածացներ դաշտում։

Ճաշի ժամանակ հանկարծ մեծ աղմուկ բարձրացավ և բոժոժների զնգզնգոց լսվեց մերձակա թավ մացառուտի հետևից։ Նույն վայրկյանին թավուտից դուրս թռավ մի սիրունիկ այծ՝ ծածկված սև, սպիտակ և շեկ բծերով։ Նրա հետևից դուրս վազեց հովիվը, որ ճիչով ու փաղաքուշ խոսքերով աշխատում էր նրան կանգնեցնել և ետ տանել։ Երկչոտ փախստականը, շփոթմունքից, ուղղակի մարդկանց վրա վազեց, ասես թե նրանց պաշտպանությունը հայցելով և հասավ թե չէ՝ կանգ առավ։ Հովիվյը վրա հասավ, բռնեց նրա եղջյուրներից և սկսեց հետը խոսել, որպես բանական ու խոհական էակի հետ։

— Ա՜խ, վայրենի, վայրի, ի՞նչ ես վերջերս չարություն անում։ Այդ ի՞նչ գայլեր են քեզ վախեցրել, աչիկս։ Ասա ինձ, սիրունիկս, քեզ ի՞նչ է եղել։

Այծարածն սկսեց դիտել դոն Կիխոտին։ Տեսնելով նրա դեմքի խենթ արտահայտությունն ու աղքատիկ հագուստը, հարցրեց իր կողքին գտնվող սափրիչին.

— Պարոն, ո՞վ է այս մարդը, որ այսքան տարօրինակ տեսք ունի։

— Էլ ո՞վ,— պատասխանեց սափրիչը,— հռչակավոր դոն Կիխոտ Մանչացին,— վիրավորանքի վրեժխնդիրը, արդարության վերականգնողը, կույսերի հովանավորողը, հսկաների ահ ու սարսափը և հաղթողը կռիվներում։

— Դա հո նման է վեպերում թափառական ասպետների մասին գրածներին։ Հայտնի է, որ նրանք են կատարում այն, ինչ ձերդ ողորմածությունը վերագրում է այս մարդուն։ Սակայն, թվում է, թե կամ ձերդ ողորմածությունը կատակ է անում, կամ այս ազնիվ պարոնի գլուխը դատարկ է։

— Անպատկա՜ռ, անպիտա՛ն,— բացականչեց դոն Կիխոտը,— դատարկ գլուխը դուք եք։

Եվ, խոսքից գործի անցնելով, նա իր առջև դրած հացը վերցրեց և խփեց այծարածի երեսին այնպիսի ուժով, որ նրա քթից արյուն եկավ։ Հովիվյը, չգնահատելով ըստ արժանվույն այդ կատակը և տեսնելով, որ իրեն լուրջ հարվածում են, սփռոցի վրայով վրա տվեց և երկու ձեռքով այնպես սեղմեց դոն