Էջ:Դոն Կիխոտ.djvu/134

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ես նրան աննման եմ անվանում, որովհետև ոչ ոք չի կարող նմանվել նրան հասակի բարձրությամբ, ծագման ազնվությամբ և գեղեցկությամբ։ Ահավասիկ այդ Կասիլդեան, բոլոր իմ ազնիվ մտադրություններին և պարկեշտ զգացմունքներին ի տրիտուր հատուցեց նրանով, որ նմանվեց Հերկուլեսի խորթ մորը, հրամայեց, որ ես հաղթահարեմ բազմաթիվ ու բազմազան դժվարություններ և, երբ որ ես հաղթող էի դուրս գալիս մեկ փորձությունից, նա հավատացնում էր, որ հետևյալը վերջինը կլինի և որ վերջապես նա կպսակի իմ հույսերը։ Սակայն իմ սխրագործությունների շղթան երկարում ու երկարում է, ես արդեն անկարող եմ դրանք համրելու և չգիտեմ, թե դրանցից ո՞րն է վերջինը լինելու և ո՞րը սկիզբ դնելու իմ համեստ ցանկությունների կատարմանը։ Ես ոտի տակ եմ տվել Իսպանիայի բոլոր գավառները և հարկադրել, որ այնտեղ շրջող բոլոր թափառական ասպետները ճանաչեն, որ գեղեցկությամբ Կասիլդեան գերազանցում է աշխարհիս բոլոր կանանց, իսկ ես աշխարհիս երեսին ամենախիզախ և սիրահարված ասպետն եմ։ Նրա հրամանով ես ոտքի տակ եմ տվել գրեթե ողջ Իսպանիան և հաղթել բազմաթիվ ասպետների, որոնք հանդգնել են հակաճառել ինձ։ Բայց ես առանձնապես հպարտանում ու պարծենում եմ, որ մենամարտի մեջ հաղթեցի հռչակավոր ասպետ դոն Կիխոտ Մանչացուն և ստիպեցի, որ իմ Կասիլդեային իր Դուլսինեայից ավելի չքնաղ ճանաչի։ Այդ մի հատիկ հաղթանակը աշխարհիս բոլոր ասպետների վրա տարած հաղթանակին է հավասար, քանի որ դոն Կիխոտը նրանց բոլորին ջարդել է և, հետևաբար, քանի որ ես նրան եմ հաղթել, ապա նրա փառքը, պատիվն ու մեծությունը փոխադրվում ու փոխանցվում են իմ անձին։

Դոն Կիխոտը զարմացած լսում էր Անտառի ասպետին, մեռնում էր միջամտելու և ասելու համար, որ նա ստում է և «ստում եք»-ը արդեն լեզվի ծայրին էր, բայց ճիգ գործադրեց, զսպեց իրեն, որպեսզի նա ինքը խոստովանի իր սուտը, ուստի հանգիստ պատասխանեց.

— Որ ձերդ ողորմածություն պարոն ասպետը հաղթել է Իսպանիայի և, եթե կամենաք, ամբողջ աշխարհի գրեթե բոլոր թափառական ասպետներին, ես չեմ առարկում, բայց ես կասկածում եմ, որ դուք դոն Կիխոտ Մանչացուն հաղթած լինեք։ Թերևս դուք որևէ ուրիշին հաղթած լինեք, որ նման է նրան, քի՞չ կա նրան նման մարդ, ի՜նչ է։

— Ինչպե՞ս թե չեմ հաղթել,— բացականչեց Անտառի ասպետը։— Երկինքը վկա, ես կռվել եմ դոն Կիխոտի հետ և հաղթել նրան, և նա խնդրել է, որ ես խնայեմ իրեն։ Ինքը՝ բարձրահասակ, նիհար դեմքով, վտիտ մարմնով, ճերմակախառն մազերով, արծվաքիթ, երկար ու ցած իջնող բեղերով մարդ է։ Նա մարտնչում է Վշտակերպ Ասպետ անվան տակ, մի գյուղացի էլ զինակիր ունի, Սանչո Պանսա անունով։ Նա խթանում ու քշում է Ռոսինանտ անունով նշանավոր մի ձի և վերջապես նրա սրտի հատորը՝ Դուլսինեա Տոբոսցին է, որ մի ժամանակ Ալդոնսա Լորենցո է կոչվելիս եղել։ Ես էլ եմ իմ տիրուհուն Կասիլդեա Վանդալիաեցի կոչում, բայց նրա իսկական անունը՝ Կասիլդա է, ծննդավայրը՝ Անդալուզիան։ Եթե բոլոր այս նշանները չեն համոզում ձեզ, որ ես ճիշտ եմ ասում, ահավասիկ իմ թուրը, որ անգամ թերահավատին կստիպի հավատ ընծայել։

— Հանգիստ կացեք, պարոն ասպետ,— ասաց դոն Կիխոտը։— Լսեցեք,