Վախեցած այս նախազգուշացումներից, ամրոցի տերն իսկույն գնաց բերեց տետրը, որի մեջ գրի էր առնում, թե ջորեպաններին ինչքան գարի ու դարման է բաց թողնում և, ուղեկցությամբ մոմի կտոր բռնած մի տղայի և արդեն հիշատակված երկու աղջիկների, մոտեցավ դոն Կիխոտին, հրամայեց, որ նա ծնկի գա և ինչ-որ աղոթք ջերմեռանդությամբ կարդալու ձև արեց։ Ընթերցանության միջոցին նա հանկարծ տարավ-բերեց և խփեց դոն Կիխոտի ծոծրակին, ապա նրա իսկ թրով զարկեց ուսին, շարունակելով աղոթքի պես բան մռթմռթալ։
Այդ ամենից հետո առաջարկեց, որ տիկիններից մեկը գոտեպնդի սրով նորընծա ասպետին, մի բան, որ տիկինը կատարեց շատ վարժ ու զուսպ։
Երբ որ այս չտեսնված ծեսերը կատարված էին այսպիսի արագությամբ, դոն Կիխոտն շտապեց ձի հեծնել՝ այնքան անհամբեր էր նա արկածախնդրության։ Նա իսկույն թամբեց Ռոսինանտին, թռավ վրան և, գրկելով իջևանատիրոջը, շնորհակալություն հայտնեց իրեն ասպետ կարգելու համար այնպիսի արտասովոր ոճով, որ անհնար է վերարտադրել։
Իսկ իջևանատերը, որ ուրախ էր նրանից ազատվելու համար, պատասխանեց ավելի կարճ, բայց ոչ պակաս հռետորական ոճով, օթևանելու համար բան չվերցրեց և նրան բարի ճանապարհ մաղթեց։
ԻՋԵՎԱՆԱՏՆԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒՑ ՀԵՏՈ
Լույսը բացվում էր, երբ դոն Կիխոտը դուրս եկավ իջևանատնից և այնքան գոհ, այնքան հպարտ, ուրախությունից այնքան հուզված՝ ասպետ կարգված լինելու համար, որ նրա ձիու կողերն էլ էին դա զգում։
Սակայն մտաբերելով իջևանատիրոջ խորհուրդները անհրաժեշտ պաշարի մասին, որ մարդ պիտի հետը վերցրած լինի՝ մանավանդ փող ու շապիկներ, նա վճռեց տուն դառնալ, որ ամեն ինչի պատրաստություն տեսնի և, միաժամանակ, զինակիր գտնի։ Այն էլ ասենք, որ նա նկատի ուներ իր հարևան մի գյուղացու, աղքատ և մեծ ընտանիքի տիրոջ, բայց շատ հարմար՝ թափառական ասպետի զինակրի պաշտոնի համար։
Այս մտադրություններով նա շուռ տվեց Ռոսինանտի գլուխը դեպի գյուղ, և ձին, կարծես տիրոջ միտքն ըմբռնելով, այնպիսի պատրաստակամությամբ և այնքան թեթև վազեց, ասես նրա սմբակները չէին էլ դիպչում գետնին։
Հազիվ էր դոն Կիխոտը մի քանի քայլ անցել, որ նրան թվաց, թե աջ կողմում գտնվող անտառի թավուտից թույլ ու աղեխարշ հեծեծանք է լսվում։
Լսելուն պես նա ասաց.
— Շնորհակալ եմ երկնքից ինձ առաքած ողորմածության համար։ Ահա դեպքը բերում է ինձ կատարելու ասպետի պարտականությունը և քաղելու իմ ազնիվ որոշման պտուղը։ Անտարակույս, իմ օգնության և պաշտպանության կարոտ որևէ տղամարդ կամ կին է հեծեծում։