ասպետներից, որոնց մասին կարդացել էր վեպերում։ Քանի՜-քանի՜ գիշերներ են անքուն անցկացրել նրանք անտառներում և անապատներում, խորասուզված հուշերի մեջ իրենց տիկինների մասին։
Բոլորովին այլ կերպ անցկացրեց գիշերը Սանչոն։ Նրա փորը լիքն էր, այն էլ ոչ թե դատարկ ջրով, ուստի նա մեռածի պես քնեց մինչև առավոտ։ Եթե դոն Կիխոտը նրան քանիցս ձայն տված չլիներ, նա չէր զարթնի ոչ արևի ճառագայթներից, որ ընկել էին երեսին, ոչ էլ բազմաթիվ թռչունների ճռվողյունից, որ խնդությամբ ողջունում էին նոր օրվա ծագումը։
Իսկ վեր կենալով, նա նախ և առաջ բերանը տարավ տկին և, նկատելով, որ երեկվա պես կլորիկ չէ, վշտացավ, որովհետև նրան թվում էր, որ այդ պակասը չի հաջողվի շուտով լրացնել։
Դոն Կիխոտը չկամեցավ նախաճաշել, ինչպես մենք արդեն ասացինք, նա սնվում էր լոկ քաղցր հուշերով։
Նրանք առաջ ընթացան Պուետրո Լապիսի ճամփով և ժամը երեքին մոտ հասնում էին կիրճին։ Հեռվից կիրճը տեսնելուն պես դոն Կիխոտը ասաց.
— Այստեղ, եղբայր Սանչո Պանսա, մենք կարող ենք մեր ձեռքերը մինչև արմունկ կոխել արկած ասածիդ մեջ։ Սակայն նկատի ունեցիր՝ աշխարհիս ինչ չարաչար վտանգների մեջ էլ ընկնելու լինեմ, դու չպիտի թուր քաշես ինձ պաշտպանելու համար, բացառությամբ միայն, եթե տեսնելու լինես, որ վրաս հարձակվող թշնամին ամբոխ է, թշվառ խուժան։ Այդ դեպքում միայն դու կարող ես ինձ օգնության հասնել։ Իսկ եթե նրանք ասպետներ լինեն, ապա ասպետական օրենքներով ոչ մի դեպքում վայել չէ և ոչ էլ թույլատրելի, որ դու ինձ օգնես, քանի որ դու դեռ ասպետ չես կարգված։
— Կարող եք, պարոն, ապահով լինել,— պատասխանեց Սանչոն,— այդ հարցում ես կհնազանդեմ ձերդ ողորմածության, մանավանդ որ խաղաղ բնավորության տեր մարդ եմ և չեմ սիրում տուրուդմփոցի մեջ խցկվել։ Բայց խղճի մտոք ասած՝ եթե հարկ լինի կաշիս պաշտպանելու, այն ժամանակ ոչ մի ասպետական օրենքի դնչին մտիկ չեմ տա, որովհետև և աստվածային, և մարդկային օրենքները թույլ են տալիս պաշտպանվելու վիրավորողներից։
— Նույնն էլ ես եմ ասում,— պատասխանեց դոն Կիխոտը։— Հիշիր միայն, որ եթե կամենալու լինես ինձ պաշտպանել ասպետներից, դու պետք է սանձահարես քո բնական մոլեգնությունը։
— Խոստանում եմ,— ասաց Սանչոն,— կկատարեմ այդ պատվիրանը նույն սրբությամբ, ինչպես կիրակի օրն եմ պահում։
Այսպես խոսելով, նրանք ճամփին հանդիպեցին երկու վարդապետի, որ ուղտերի չափ բարձր ջորիներ էին հեծել։ Նրանք ճամփորդական ակնոցներ էին դրել և հովանոց բռնել։ Նրանց հետևից ընթանում էր մի կառք, շրջապատված չորս թե հինգ ձիավորներով։ Ինչպես հետագայում պարզվեց, կառքով ինչ-որ բիսկայեցի տիկին էր գնում Սևիլիա, ամուսնու մոտ։
Վարդապետները, թեև նույն ճամփով էին գնում, ինչ որ տիկինը, բայց նրա հետ ոչ մի կապ չունեին։ Դոն Կիխոտը նրանց տեսավ թե չէ, ասաց իր զինակրին.
— Եթե ես չեմ սխալվում, մեզ այնպիսի՜ նշանավոր արկած է սպասում, որպիսին դեռևս ոչ ոք չի տեսել, որովհետև սև կերպարանքները, որ երևում