Jump to content

Էջ:Դոն Կիխոտ.djvu/36

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


խնդիրքը։ Բայց մեկ պայման կդնեմ՝ այս ասպետը պիտի խոստանա ինձ, ար կերթա Տոբոսո կոչվող գյուղը և կներկայանա աննման տիրուհի Դուլսինեային, որը կտնօրինի նրա բախտը, ինչպես կամենա։

Ահաբեկված ու վշտացած տիկինները, կարգին գլխի չընկնելով, թե ինչ է պահանջվում իրենցից, անգամ հարցուփորձ չանելով, թե ինչ ազգ ու տակից է այդ Դուլսինեան, խոստացան, որ իրենց զինակիրը ճշտությամբ կկատարի նրա հրամանը։

— Հավատ ընծայելով ձեր խոսքին,— ասաց դոն Կիխոտը,— ես նրան այլևս վնաս չեմ տա, թեև նա շատ և շատ արժանի է դրան։

ԳԼՈԻԽ IX
ԴՈՆ ԿԻԽՈՏԻ ԵՎ ՆՐԱ ԶԻՆԱԿԻՐ
ՍԱՆՉՈ ՊԱՆՍԱՅԻ ՍՐԱՄԻՏ ԶՐՈՒՅՑԻ ՄԱՍԻՆ

Սանչո Պանսան, որ վարդապետների ծառաներից լավ ծեծ էր կերել, վերջապես տեսնելով, որ մարտն ավարտված է, և իր տերը կամենում է հեծնել Ռոսինանտին, վազ տվեց՝ ասպանդակը բռնի, բայց նախքան տերը ձի կհեծներ, չոքեց նրա առջև, բռնեց ձեռքը, համբուրեց ու ասաց.

— Հաճեցեք, ձերդ ողորմածություն, տեր իմ դոն Կիխոտ, ինձ կառավարիչ կարգել այն կղզու, որ դուք նվաճեցիք այս դաժան մարտում։ Ինչքան էլ նա մեծ լինի, զգում եմ ես, որ կկարողանամ կառավարել նույնքան լավ, որքան աշխարհիս բոլոր մյուս կղզիների վարչապետները։

Դոն Կիխոտը դրան պատասխանեց.

— Նկատի առ, եղբայր Սանչո, որ այս արկածը, ինչպես և սրա նման մյուսները, կղզի շահելու արկածներ չեն։ Ճամփաբաժիններոլմ կարող են քո գլուխը ջարդել, կամ ականջդ կտրել, բայց դու մեջտեղ բան չես շահի։ Համբերիր մի քիչ. մենք այնպիսի արկածներ էլ կունենանք, որ թույլ կտան ինձ ոչ միայն քեզ կառավարիչ կարգել, այլև ավելի բարձր պաշտոն տալ։

Սանչոն ջերմագին շնորհակալություն հայտնեց, մի անգամ էլ համբուրեց նրա ձեռքն ու օգնեց, որ նա հեծնի Ռոսինանտին, իսկ ինքը թռավ էշի վրա և գնաց տիրոջ ետևից։ Դոն Կիխոտը, կառքում նստած տիկիններին այլևս ոչ մի խոսք չասելով, անգամ հրաժեշտ չտալով, արագ քշեց ձին և մտավ մոտակա անտառը։

Սանչոն, տիրոջը հետևելով, լխկլխկում էր իր ողջ արագությամբ վազող էշի վրա։ Սակայն Ռոսինանտը այնքան արագ էր վազում, որ Սանչոն շուտով ետ մնաց և ստիպված ձայն տվեց տիրոջը, որ սպասի իրեն։

Դոն Կիխոտը, նրա ձայնն առնելով, քաշեց Ռոսինանտի սանձը, մինչև որ հոգնած զինակիրը հասավ իրեն ու ասաց.

— Թվում է ինձ, տեր իմ, որ մենք խելացի վարված կլինենք, եթե պատսպարվեինք որևէ եկեղեցում։ Չէ՞ որ այն մարդը, որի դեմ դուք նոր մարտնչեցիք, այնպիսի ողբալի վիճակում մնաց, որ զարմանալի չի լինի, եթե