Jump to content

Էջ:Դոն Կիխոտ.djvu/38

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սանչոն պայուսակից հանեց վիրակապն ու սպեղանին։ Բայց երբ դոն կիխոտը նկատեց, թե ինչ դրության է հասել իր սաղավարտը, քիչ մնաց ուշաթափվեր։ Ձեռքը թրին դնելով և աչքերը հառելով երկինք, նա արտասանեց.

— Երդվում եմ, այսուհետև այնպիսի կյանք վարել, ինչպես մեծ մարկիզ Մանտուանացին, երբ նա երդվեց իր զարմիկ Բալդովինի մահվան վրեժը լուծել, այսինքն՝ սփռոցից հաց չճաշակել, չանել շատ ուրիշ բաներ, որ թեև ես հիմա մոռացել եմ, սակայն դնում եմ երդմանս մեջ, մինչև որ վրեժս չլուծեմ նրանից, ով նման վիրավորանք հասցրեց ինձ։

— Ձերդ ողորմածություն, տեր իմ, գրողը տանի այդ տեսակ երդումները,— վրա բերեց Սանչոն։— Նրանք վնաս են տալիս առողջությանը և անհանգստացնում խիղճը։ Թե չէ, ասացեք ապա՝ ի՞նչ կլինի, եթե, դիցուք, բազմաթիվ օրերի ընթացքում մեզ ոչ մի սաղավարտավոր մարդ չհանդիպի. ի՞նչ պիտի անենք մենք։ Մի՞թե դուք կատարելու եք ձեր երդումը, հակառակ բոլոր անհարմարություններին և անախորժություններին, այն է՝ շորերը հագիդ քնես, գյուղերում չգիշերես և քեզ հազար ու մի ուրիշ փորձությունների ենթարկես, որ հիշատակել է այդ խելքը թռցրած Մանտուանացին, ի՞նչ է, ձերդ ողորմածությունը կամենում է նրա երդումը վերականգնեցնե՞լ։ Այն էլ մտածեցեք, ձերդ ողորմածություն, որ բոլոր այս ճամփաներով գնում են ոչ թե զինված մարդիկ, այլ ջորեպաններ և կառապաններ, որոնք ոչ միայն սաղավարտ չեն կրում, այլև գուցե իրենց օրում չեն էլ լսել դրա մասին։

— Սխալվում ես,— առարկեց դոն Կիխոտը,— երկու ժամ չի քաշի, և մենք այս խաչաձևվող ուղիներում բազմաթիվ զինված մարդկանց կհանդիպենք։

— Էհ, լավ, թող ձեր ասածը լինի,— ասաց Սանչոն։— Միայն թե կղզի նվաճելու ժամը շուտ հասնի։

— Ես արդեն ասել եմ քեզ, Սանչո, որ կարիք չունես դրա համար անհանգիստ լինելու։ Կղզի չեղավ, որևէ թագավորություն հո կգտնվի՞, այն էլ քո չափսին, ոնց որ մատանին՝ մատիդ։ Սակայն այդ թողնենք, մենք դեռ ժամանակ կունենանք դրա մասին խոսելու, իսկ հիմա տեսնենք, թե քո պայուսակում ուտելու պաշար կա՞։ Կազդուրվենք և իսկույն գնանք որևէ դղյակ որոնելու, որ գիշերն անցկացնենք։

— Մոտս ընդամենը մի գլուխ սոխ, մի կտոր պանիր և մի քանի կտոր հաց կա,— պատասխանեց Սանչոն։— Սակայն այս ամենը ձերդ ողորմածության պես արի ասպետի համար անվայել ուտելիք է։

— Դու ամենևին բան չես հասկանում,— բացականչեց դոն Կիխոտը։— Իմացած եղիր, Սանչո, թափառական ասպետի առաքինությունն այն է, որ ամիսներով բան չուտի, իսկ եթե ուտելու էլ լինի, ապա ուտի ձեռքն ընկած բանը։ Դու կասկած չէիր ունենա, եթե այնքան վեպեր կարդացած լինեիր, որքան ես, և թեև ես շատ եմ կարդացել, բայց չեմ հիշում, որ ասպետը երբևիցե այլ կերպ ուտելիս լինի, քան բոլորովին պատահմամբ և միմիայն ճոխ խնջույքներում, որ սարքված են լինում նրա պատվին։ Մնացած օրերը ասպետները ծաղիկների բույրով հո չէի՞ն սնվում։ Իհարկե, պետք է ենթադրել, որ նրանք այնուամենայնիվ մի բան ուտում էին և բավարարում մնացյալ