Jump to content

Էջ:Դոն Կիխոտ.djvu/48

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեջ առհավետ կտպավորվի ինձ մատուցած ձեր ծառայությունը, և որ ողջ կյանքումս ես ձեզնից շնորհակալ կմնամ։

Տիրուհին, նրա աղջիկն ու բարի Մարիտոռնեսը շփոթված լսում էին թափառական ասպետի խոսքերը, որոնք նրանց համար նույնքան անըմբռնելի էին, որքան եթե նա հունարեն խոսելու լիներ։ Նրանք նայում ու զարմանում էին։ Արդարև ասպետը նրանց աչքին ուրիշ ցեղի մարդ էր երևում։ Գեղավարի շնորհակալություն հայտնելով նրա սիրալիր խոսքերի համար, նրանք վեր կացան գնացին, իսկ Մարիտոռնեսը զբաղվեց Սանչոյով, որ կարոտ էր խնամքի ոչ պակաս, քան իր տերը։

Ողջ իջևանատունը սուզվել էր լռության մեջ և բոլոր ճրագները մարած էին, բացի մուտքի լապտերից։

Այս խորունկ լռությունն ու մեր ասպետի անդադրում մտորումները արկածների մասին, որոնցով լի էին նրա ցավին մեղապարտ գրքերը, ներշնչեցին նրան մի ամենատարօրինակ ու անմիտ ցնորք, որ հնարավոր է միայն երևակայել, այն է՝ նրան թվաց, թե ինչ-որ հռչակավոր մի դղյակ է եկել (որովհետև յուրաքանչյուր իջևանատուն, որտեղ նա իջևանում էր, նրան դղյակ էր թվում) և որ իջևանատիրոջ աղջիկը, այլ կերպ ասած դղյակի տիրոջ աղջիկը, հմայված իր ազնիվ տեսքով, սիրահարվել է իրեն և խոստացել է այս գիշեր, ծնողներից գաղտնի, գալ և բաժանել իր անկողինը։ Զուտ ճշմարտություն ընդունելով իր իսկ հնարած այս զառանցանքը, նա սկսեց տանջվել իր առաքինությանը սպառնացող վտանգի մասին։

Այդ միջոցին, հուշիկ քայլերով, Մարիտոռնեսը ներս մտավ, որ գտնի ջորեպանին։ Սակայն հազիվ էր նա շեմքն անցել, որ դոն Կիխոտը, նրա ոտնաձայնը լսելով՝ նստեց անկողնում, չնայած իր սպեղանիներին ու կողերի ցավին, տարածեց ձեռքերը, բանալով իր գիրկն ու արտասանեց.

— Ինչպե՞ս կուզենայի ես, չքնաղ ու ազնվազարմ օրիորդ, ի վիճակի լինել ըստ արժանվույն հատուցանելու ձեզ այն բարձր ողորմածության համար, որ պարգևում եք ինձ ձեր մեծ գեղեցկության տեսքով։ Սակայն ազնիվ մարդկանց անընդհատ հալածող բախտը հաճել է ինձ նետել այս անկողինը, որի մեջ ես պառկած եմ ջարդված ու տրորված։

Մեր ջորեպանը ուշի-ուշով լսում էր դոն Կիխոտի ասածները։ Խանդով բռնված, նա մոտեցավ դոն Կիխոտի անկողնուն և թաքնվեց, որ տեսնի, թե իրեն համար այդ անըմբռնելի խոսքերն ինչով են վերջանալու։ Սակայն երբ որ նա տեսավ, թե աղջիկն ուզում է դուրս պրծնի, իսկ դոն Կիխոտը բաց չի թողնում, այդ բանը նրան դուր չեկավ։ Նա տարավ-բերեց և բռունցքով այնպես խփեց մեր ասպետի ոսկրոտ ծնոտին, որ նրա բերանը արյունով լցվեց։ Գտնելով, որ դա դեռ քիչ է, ջորեպանը ոտքերով սկսեց ջարդել նրա կողերը։

Մահճակալը նոր ծանրություն չտանելով՝ սաստիկ աղմուկով փլվեց, որից զարթնեց իջևանատերը։ Նա իսկույն գլխի ընկավ, որ սա Մարիտոռնեսի արարքը կլինի, որովհետև բարձր ձայն տվեց աղախնին և պատասխան չառավ։ Այդ կասկածով՝ նա վեր կացավ, ճրագը վառեց և դիմեց դեպի աղմուկը։

Տեսնելով իր սաստիկ զայրացած տիրոջը, աղջիկը մի պահ երկյուղից իրեն կորցրեց, ապա ծլկվեց Սանչո Պանսայի անկողինը, որը խաղաղ քնած էր։ Մտնելով նրա անկողնու մեջ, աղջիկը կծկվեց։