Jump to content

Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/112

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Աստուծո անհուն գաղափարին մեջ, ահա խորհուրդն որ հղացա՝ ընդհուպ գործադրելու դիտավորությամբ։ Կարծես թե թեթևություն մի զգացի ցավոցս բեռին նկատմամբ և վայրագ ուրախություն մի համակեց զիս։

Եկեղեցական երգերը դադրած էին, և գրեթե բոլոր հանդիսականներն մեկնած․ լռությունը տիրած էր ի սրբավայրին։ Միտքս գրավված էր տեսածես, և սիրտս գոհ էր գործադրելու խորհրդույս պատճառավ։ Եկեղեցիեն հետին մեկնողներեն էի, ոտք ելա երթալու համար, և ահա՜․․․ ո՜վ Տե՛ր իմ․․․ տեսա Տիգրանն որ թև կուտար երիտասարդ կնոջ մի դեպի եկեղեցվո դուռն ուղղվելով։ Հազիվ հազ կարողացա խեղդել այն աղաղակն որ սիրտս կուզեր արձակել։ Ամպ մ'անցավ աչերուս առջևեն, և ինկա վերստին բազմոցին վրա։ Չգիտեմ որչափ ժամանակ նվաղած մնացի, միայն թե երբ սթափելու վրա էի, թվեցավ ինձ լսել Տիգրանա ձայնն որ անուշ կերպիվ կը խոսեր ինձ։ Աչքս բացի, բայց ինքն քովս չէր, անծանոթ մարդ մի միայն կը հսկեր վրաս։ Երբ կարողացա խոսիլ՝ հարցուցի մարդուն թե ուրիշ անձ մի չէ՞ր գտնված քովս պահ մ'առաջ։ Ոչ, պատասխանեց։ Բայց խոսելու եղանակեն դյուրին էր մակաբերել թե ճշմարտությունը կը ծածկեր։ Կրկնեցի հարցումս այնչափ թախանձանոք, որ բարի մարդն ի գութ շարժելով խոստովանեցավ, թե երիտասարդ մի արտասվալից աչերով և գորովանոք զիս խնամած՝ և մեկնած էր սթափելու ժամանակս, պատվիրելով իրեն որ ներկա գտնված ըլլալը չի հայտնե ինձ, մինչ քովի հուզված երիտասարդուհին կաշխատեր անոր ցավն սփոփելու։ Այդ մարդն եկեղեցվո լուսարարն էր, և հայտնեց ինձ թե առատ պարգև ընդունած էր Տիգրանեն ինձ պետք եղած խնամքը տանելու համար։ Կառք մի բերել տալով մեջը մտա և տեղս վերադարձա, չգիտեմ ինչպես։

Կոմսը մեծ մտատանջությամբ կը մաշեր երկարատև բացակայությանս պատճառավ, ու բացարձակ ուրախությամբ դիմավորեց զիս։ Բայց դիտելով որ անկերպարան էի, անմիջապես հասկցավ թե տարօրինակ դեպք մ'ունեցած էի։ Պատմեցի իրեն եկեղեցական հանդեսն, և սոսկալի արկածս։ «Թո՛ղ որ վրեժդ լուծեմ վերջապես», ըսավ, բարկությամբ վառված։

90