Jump to content

Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/16

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քի վրա։ «Այն աղքատ հարկերուն ներքև,— ասում է վեպի հերոսներից մեկը,– ուր հոգիներն ապականած չեն, ուր արժանապատվության նշույլ մի կա, հոն սրտերը կը մոտենան զիրար սփոփելու, դժվարությանց տոկալու, ու հոն ձեռքերն կը միանան աշխատության բեռը թեթևացնելու համար։ Այն աղքատ հարկին ներքև ուր շահասիրություն չկա, ուր շքեղություններ վայելելու և փառավոր ընծաներ ընդունելու հույսը չկա․ հոն ուր տիտղոսներու մասնակցելու հավանականություն չկա, հոն ուր կը բնակին զրկումն, աղքատությունը, կենաց մարտիրոսությունը․․․ այո, թշվառության այդ վայրը երկու սրտերու ընդհարումեն արտագրված լուսովը կը փայլի վայրիկ մի, հույսը կոգևորե այդ հուսահատ հոգիներն որք իրարու փոխադարձ ուժին վրա հենելով կը տքնին, կը մրցին, կը հաջո֊ ղին, կը հաղթանակեն և կամ նկուն կը մեռնին ձեռք ձեռքի տված բախտին կամաց հպատակելով»։

Խոր իմաստ կա երկու ընկերուհիների՝ Զարուհի և Սիրանույշ, կյանքի պատմությունների հակադրության մեջ։ Զարուհին՝ համեստ ծագումով այդ աղջիկը դասային նախապաշարմունքներից զերծ, իրավունք ուներ ազատակամ ընտրելու սիրած ամուսին։ Նա սիրում էր Հրանտին՝ նույնպես համեստ ծագումով մի երիտասարդ, նրանք ամուսնանում են ազատ սիրո զգացմունքներով և ստեղծում իրենց երջանիկ ընտանիքը։ Ընտանեկան բռնությունը տեղ չուներ այստեղ։ Զարուհին ամուսնու ստրուկը չէ և նրա ասպարեզը չի սահմանափակվում խոհանոցով։ Լինելով սիրող ամուսին և մայր, նա միաժամանակ իրագործում է աշխատանքի իրավուն֊ քը՝ դրանով օգնում թե՛ ընտանիքի նյութական բարեկեցությանը և թե՛ վայելում հասարակական գործունեության վսեմ զգացմունքը։ Փոխադարձ վստահության, անկեղծ սիրո այդ մթնոլորտում, բնական է, չէր կարող մուտք գործել բարոյական անկման ախտը, և հավասարության այդ պայմաններում Զարուհին զգում էր իրեն կատարելապես երջանիկ։ «Դիտե՛, Զարուհի,— ասում Է Հրանտը,— ինչո՞ւ մենք երջանիկ ենք, վասն զի մեր մեջ հավասարություն կա, վասնզի մենք երկուքս ալ համեստ ընտանիքե ենք, երկուքս ալ անարծաթ՝ իրարու վրա կը հենունք, զիրար կը պաշտպանենք, զիրար կը խնամենք, իրարու վրա կը գուրգուրենք»։

Բոլորովին այլ ճակատագիր Է վիճակվում նրա ընկերուհուն՝ Սիրանույշին։ Նրա սիրո և ընտանիքի պրոբլեմը շատ պայմանականությունների են բախվում, որոնք նրան դնում են ողբերգական վիճակի մեջ։ Նա սիրում էր Երվանդին՝ արվեստի սիրահար մի երիտասարդի և նրա մեջ գտնում իր կյանքի ու երջանկության իմաստը, սրտի թրթռուն երազանքը։ Սիրտն ազատ Է սիրո մեջ, սակայն մարդու կամքն ազատ չէ սիրո ազատությունը տնօրինելու։ Կյանքի ռոմանտիկ պատկերացումներով սնված Սիրանույշը չէր էլ ենթադրում, թե իր անձնական երազանքները կբախվեին իրականության բիրտ օրենքներին։ Ծնողների միակ դուստրը, ծնողական գուրգուրանքների ինքնիշխան զգացումը վայելած, նա չէր կարող մտածել, թե կհանդիպի իր երազները խորտակող՝ իր իսկ հոր բռնի կամայականությանը։ Բայց այդ տեղի ունեցավ միանգամից, անակնկալ։ Դեռ նա իր թրթռուն սիրո ինքնամոռացումի վայելքն էր ապրում, երբ հնչեց հոր դա-

X