Jump to content

Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/192

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հառաջընթաց գարուց մեջ, և որք սակայն իբր բնական ինչ ընդունված են այսօր։ Վստահ եմ որ նույնը պիտի հանդիպի նաև Մայտայի նկատմամբ, զի ժամանակն և հառաջադիմությունը պաշտոն ունեին նոր գաղափարները հասցնելու։

Սակայն պարտք անձիս կը համարիմ խոստովանելու թե մեծ եղավ գոհունակությունս նկատելով թե երևելի գրագետներ ու լրջամիտ մտքեր, ինչպես և տաղանդավոր գրագիտուհիներ ու ազատասեր ազնիվ հոգիներ ձայնակից եղան ինձ։

Անցնինք ուրիշ խնդրո մի։

Հոռվույն և լավին գիտությամբն է՝ այսինքն մարդկությունն ամեն գույներովը ներկայացնելով է որ կենաց ուսմունքը կստացվի։ Հոռին ծածկելը զայն բուժել չէ, և զայն մատնանիշ ընելը չարը հռչակել չէ, ինչպես ոմանք ուզեցին կարծել, և կամ կարծեցին անկեղծորեն։

Հոռին ճանաչելու է անկե խույս տալու, անոր դիմադրելու և հաղթահարելու համար։ Այդ ընթացքը մտաց կորովը ու սկզբանց հաստատությունը կապացուցանե, այդ է առաքինությունը։ Չարին անտեղյակ ըլլալն անմեղություն է պարզապես, և անմեղության մեջ արժանիք չկա, քանի որ ոչ մրցում կա հոն և ոչ ալ հաղթանակ։

Թեև Սիրանույշի մեջ Պոլսեբնակ հայոց ընկերային պատկերին դույզն մի մասն նկարագրել աշխատած եմ, հանդերձ այսու եվրոպական աշխարհին մեջ ևս փոքրիկ քայլեր առած եմ՝ հոնկե քաղելու մտոք նկարագիրներ, որք՝ թեև մեր ազգային բարուց հետ բոլորովին հարաբերություն չունին, սակայն կերպիվ իվիք տարբեր երևույթներ և զգացումներ, արվեստական թեթև ճաշակներ, պատմական տեսություններ. նկարելով՝ ընդհանուր պատկերն առավել հետաքրքրական կը հանդիսացնե գուցե։

Մարդկությունը մի է, ազգերը նույն մարդկության զավակներն են՝ զորս կլիմաները, հեռավորությունը, ընկերային շահերը, մարդկային կիրքերը իրարու թշնամի դարձուցած են, բայց վերջապես իրենց ծագումը նույնն է քանի որ մարդկության մեծ մարմինն է։ Նույնն է և յուրյանց նպատակը՝ այսինքն հառաջադիմությունը։

Ուստի մարդկության մեծ ընտանիքեն անխտիր փոխ կառնում