Jump to content

Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/236

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չհառաչեց, այլ գլխիկոր և անմռունչ, աչերն գետնին վրա բևեռած՝ կարծես թե հիմարության զոհ պիտի երթար։ Սենեկին մեջ փակված, հորմեն հեռու, ոչ գիշերը քուն ուներ և ոչ ցերեկը, հազիվ թե քիչ մի սնունդ կը տաներ բերանը. մորը հուսահատ թախանձանքեն զգածվելով։ Երբ մայրը աղերսագին կը խնդրեր իրմե որ պատասխանե հարցմանը, «թողուցեք որ մեռնիմ» կըսեր միայն հեգ կույսը, ու դարձյալ լուռ և անարտոսր կը կենար։ Սիրտն հառաչանք չուներ, և ոչ բերանը բողոք մի։ Կարծես թե համայն շնորհք, երիտասարդություն և զգացում ցավոց պատանքին մեջ խորասույզ եղած էին։ Կզգար որ սոսկալի կռիվ մի պիտի ծագեր ընդ մեջ հորն և սրտին, կը զարհուրեր հետևանքներեն ու դառն համբերությամբ կսպասեր։

Այդ լուռ հուսահատության առջև հալ և մաշ կըլլար թշվառ մայրը, կարծես թե հոգվույն ուժը կը նվազեր, մայրենի սիրտն հոշ հոշ կըլլար անկարողության հանդեպ որևէ դարման մ՚ընելու աղջկանն անտանելի վիճակին։ Մեն մի անգամ որ տիկին փորձած էր Սիրանույշին տագնապալի վիճակը ներկայել յուր ամուսնույն, սա զինքը սաստելով լռության դատապարտած էր: Որդվույն մի տառապանքր, մոր մ՚արտասուքը բնավ մուտք չէին գտնար փառամոլ հոր սրտին մեջ։ Պ. Հայնուռ զԴարեհ փեսա ունենալով՝ դստերն համար ունեցած երազներուն գերագույն իրականության կը հասներ, և ով որ այդ ամուսնությունն իբր նախանձելի վիճակ չնկատեր՝ հիմարաց կարգը կանցներ յուր առջև։ Փառամոլ մարդը կըրնա՞ ըմբռնել արդյոք այն փափուկ զգացումն անարատ սիրո որ սնունդ կուտա, կյանք կուտա, երանություն կուտա երբ երջանիկ է, և հուսահատություն ու մահ՝ երբ դժբախտ է։

Երեք սև օրեր անցած էին Սիրանույշին ու մորն համար, և երեք հուսալիր օրեր Պ. Հայնուռի համար, երբ սա իմացուց թե չորս օրեն զփեսայացուն ընդունելու համար շքեղ պատրաստություններ պիտի սկսվեին տան մեջ։ Թշվառ մայրը ջանաց ծածկել յուր զավկեն այդ վերջին տնօրենությունը։ Բայց սիրահար հոգվո բոլոր նրբամտությամբ կույսն անմիջապես գուշակեց եղածը, և սիրո հուսահատությամբ.

«Մա՛յր, գոչեց, հայրս իզուր կուզե կամքս բռնաբարել,