Jump to content

Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/250

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Լավ, ըսավ չարաճճիությամբ, անձնասեր ես, կը տեսնեմ, զի կուզես այդ ընթերցման ուրախությունը քեզ հատկացնել լիովին»։ Եվ զայս ըսելով սենեկեն դուրս ելավ, առանց նշմարելու սև հառաչանքն որ յուր մտերմուհվույն հոգիեն կը բխեր։

Առավ նամակը Սիրանույշ, բերնին տարավ, աչերը գոցեց, ու այս դիրքին մեջ բավական ժամանակ անշարժ և անլաց մնալեն վերջը, «Ավա՜ղ, ավա՜ղ» մնչեց, նամակը գրպանը դրավ առանց բանալու և վերստին մորը քով գնաց անխռով կերպարանոք։ Գիշերվան կսպասեր Երվանդին գրած տողերը կարդալու երբ խուցին մեջ առանձնանար վերջապես։ Կը գուշակեր թե այդ ընթերցումն յուր հուզմունքը շատ առավել սաստկացնելով անկարող պիտի ըներ զինքը յուր վիշտը մորմեն ծածկելու։

Տիկին Հայնուռ օր ավուր զորանալով կանուխ հանգչելու պետքը չէր զգար, որով և Սիրանույշին նամակը կարդալու անհամբերությունն այն աստիճանի կը զայրանար որ տենդը սկսած էր զինքը գրավել։ Չարչարանաց վերջին կետին հասած էր երբ տիկին Հայնուռ գնաց վերջապես հանգչելու։ Փուլթաց Սիրանույշ յուր սենյակր մտնելու, բացավ նամակը ու կարդաց։ Երվանդ՝ ըստ յուր սովորականին, կը հայտներ այն զորավոր զգացումն որ հոգին գրաված էր յուր նկատմամբ և որով հեռավորության դառն ժամերը կսփոփեր. կը նկարագրեր անհուն եռանդյամբ գեղարվեստից հուրն որով ինքն ամբողջապես համակված էր, ինչպես և կը հաստատեր յուր տաղանդին արտահայտությունն որ Հռովմա երևելի հանճարները կը զարմացնեին և որոնցմե անհունապես կը քաջալերվեր փառավոր ապագայի ակնկալությամբ։ Կը հայտարարեր Սիրանույշին թե ինքն է յուր հանճարույն ջահը, և թե իրմով կը հուսար նույնիսկ օր մի յուր դեմքն անմահացնել։ Կը խոստովաներ վերջապես թե մեն մի նպատակ իրեն կը ձգտեր, թե մեն մի բաղձանք զինքը կը պարունակեր։ Կը վերջացներ նամակը ապագա երջանիկ օրերու հուսով՝ որոնց քաղցրությամբ պիտի ջնջվեր, կըսեր, բաժանման վայրկյաններու դառնությունը, և կը հանձնարարեր յուր սրտին նույն