չկա. այլ ուժերը հավասարակշիռ ըլլալով ամեն ինչ հանդարտությամբ, կարգավորությամբ կը գործե, իրեն սահմանված շրջանին մեջ կընթանա առանց խոտորնակ ճամփաներ մտնելու, և առանց դրացիին ընթացքը խափանելու։ Միույն գործը մյուսինով կը կատարելագործվի, կը զորանա, նույն շղթային օղակներու միակերպ շարունակությունը կլլա, ներդաշնակությունը կը հաստատվի ու սերը կը գոյանա։ Երբ մարդիկ անիրավություն գործելու պետք չունենան, երբ տիրելու դիտավորություն չունենան, երբ իրենց շահերուն համար չստեն, չկեղծեն, իրարու դեմ մարտ չվարեն, կնոջ քովեն յուր ամուսինը չկորզեն, մոր ծոցեն զորդին չհափշտակեն արյան գետերու մեջ վիժելու համար զանոնք, հայնժամ բնական ընթացքով՝ նույնիսկ իբրև այս ամպն որ զլուսին կը գրկե, իբրև զծաղիկ որ կանաչ խշտյակին մեջ կը պատսպարի, իբրև զտերև որ հովանի կը պարգևե թոչնույն, հայնժամ կըսեմ, մարդիկ զիրար ընդգրկելով, իրարու ապաստան, իրարու հովանի կըլլան։
Դիտե՛, Զարուհի, ինչո՞ւ մենք երջանիկ ենք. վասնզի մեր մեջ հավասարության կա, վասնզի մենք երկուքս ալ համեստ ընտանիքե ենք, երկուքս ալ անարծաթ՝ իրարու վրա կը հենունք, զիրար կը պաշտպանենք, զիրար կը խնամենք, իրարու վրա կը գուրգուրանք։ Իսկ արդ բաղդատե մեզի հետ եղբայրդ Երվանդը։ Եթե Սիրանույշ Պ. Հայնուռի դուստր չըլլար, եթե ընկերական անհավասարություն չըլլար, եթե ծննդյան զեղծմունքը չըլլար, եթե Երվանդ յուր վիճակին դեմ մրցելու պետք չունենար, այս վայրկյանիս Սիրանույշ ևս երանելի կըլլար իբր զմեզ յուր սրտին ընտրելվույն հետ։ Մինչև ցարդ թշվառ Սիրանույշը տառապեցավ յուր դիմադրությամբը հորը փառամոլ կամացը դեմ, ու մորը հիվանդությունը պատճառեց։ Ո՞ գիտե տակավին թե որչա՜փ հուզմունք, որչափ այլայլությունք և ինչ հետևանք պիտի ունենա Սիրանույշին ընդդիմությունը Դարեհյանի հետ ամուսնանալու։ Կը տեսնես որ ընկերական ուժերու անհավասարությունն ինչ աղետք կը պատճառե նույն իսկ հանդեպ քոլ տեսությանդ և այսպիսի փոքրիկ սահմանի մեջ։ Այս տեսածեդ կրնաս աչացդ պատկերացնել ընկերային մարմնույն վիճակը