Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/316

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


փոքրիկ շահերե գոհանալու, մեծագույն դրամական առավելություններ ցանկաց, գողության ասպարեզն ընդլայնեց, այնպես որ ժամանակե մի վերջը կասկածանաց տեղի տվավ։ Բայց հառաջ քան անոնց հաստատվիլը, մեր ճարպիկ ավազակը հաջողեցավ փախչելու՝ Պոլիս ուղևորելով։

Սակայն բախտը կը ժպտեր ամենուրեք այդ անպիտանին։ Շռայլ վարմունքովն յուր գանձին սպառիլը կը նկատեր ու չքավորության պատկերն աչացը կը ներկայանար։ Մինչ խոր մտատանջության մեջ էր և նոր հնարք մի կորոճար խարդախության՝ ահա կը հաջողի Ժանեթի ուշադրությունը յուր վրա դարձնելու։

Գաղղիացի կինը սովորություն ուներ ամառային եղանակին մեջ Բերայի հասարակաց պարտիզին մեջ յուր գեղեցկությունն ու զարդերն ի հանդես բերելու։ Երեկոյան դեմ օր մի անդ ծառի մի հովանվույն ներքև առանձնացած էր, մինչ երաժշտությունը ներդաշնակության հեղեղներ կը տարածեր շուրջ։ Ինքը գրավիչ ձևով նստած էր առանձին, ու թե՛ ձևերովն, թե՛ գեղեցկությամբն և թե՛ ճաշակալից զարդերովն ամենուն ուշադրությունը կը գրավեր։ Կը հպարտանար նա ըրած մեծ ազդեցությանը վրա, և ընդհանուր սքանչացման առարկա մ՚ըլլալուն համար էր որ ստեպ կերթար նույն պարտեզը։ Բազմությունը յուր առջևեն կանցներ կը դառնար․ արանց շատերր նշանակությամբ լի նայվածքներ ու խոսքեր կուղղեին իրեն, բայց ինքը մասնավոր կերպիվ և ոչ մեկուն. կը պատասխաներ։ Երբեմն թեթև ժպիտ մի կուրվագրվեր յուր շրթանց վրա, և կամ արհամարհոտ ակնարկ մի յուր դժգոհությունը կը հայտներ։

Նույն օրն ուրեմն Ժանեթի նստած տեղեն քիչ հեռավորությամբ, երիտասարդ մի լավ հագված և ըստ ամենայն պահանջմանց նորաձևության, եկավ բազմեցավ նստարանի մի վրա՝ փոքրիկ սեղան մ՚ունենալով յուր առջև։ Կարծես և ոչ մեկու ուշադրություն կըներ, և ոչ մեկու կը խոսեր։ Ըմպելիք մի հրամայեց սպասավոր տղուն որ սեղանին առջև եկավ կանգնեցավ։ Բերին զայն ու տեղավորեցին յուր առջև. պարպեց գավաթը, պարունակյալը կուլ տալով կամաց կամաց, ծխեց և շարունակեց յուր արհամարհոտ ձևերը։