Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/323

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լուր չուներ՝ այնչափ սակավաթիվ էին պատասխաններն առ յար քույրն նույն օրեն ուր դժբախտության մեջ ինկած էր։ Արդ հա՞րկ էր ուրեմն որ հեռի ապրի և սփոփանացն այն բույնեն՝ ուր տեսակ մի կյանք կազմած էր անձին, և ուր ամփոփած էր սրտին և մտաց հիշատակները։ Հոն ուր և ոչ մեկ օտար անտարբեր դեմք մի կուգար պղծելու այն սրբավայրն յուր զգացմանց։ Երբ Սիրանույշ հոնկե ակնարկ մի կը նետեր տարածության, ծովուն, լեռներուն վրա, երբ միտքը կը սուրար անհունության մեջեն ու կերթար մինչև ի տար աշխարհ կը թափաոեր սիրելի անձի մի հանդիպելով, այդ երևակայության ցնորից մեջ տեսակ մի հաճություն կզգար, և կերպով մի ազատություն կը վայելեր կենացը շղթայից մեջ։ Հոն վերջապես դույզն ինչ մխիթարություն կը գտնար յուր տառապանաց. հոն կերպիվ իվիք կապրեր դառն առանձնության մեջ ամփոփվելով, մինչդեռ ծովեզերյա տունը կիջներ միայն երբ ամուսնույն ներկայությունը կամ ուրիշի այցելությունը կը պահանջեր այդ։

Այս էր կյանքը զոր ինքն իրեն կազմած էր Սիրանույշ, և զոր կը հարգեր Դարեհյան քանի որ պատճառ չուներ ընդդիմանալու. մանավանդ որ կրկին ակնածությամբ կը վարվեր կնոջն հետ այն օրեն ի վեր որ աններելի պարտազանցության տեսարանը ներկայացած էր անոր աչացը։ Սիրանույշ մեյ մ՚ալ ոչ ակնարկություն ըրած էր այդ դեպքին և ոչ ալ որևէ գանգատ։

Դարեհյան կրկին և կրկին անգամ փորձեց կնոջը խոցոտյալ սրտին մերձենալու․ բայց անոր նայվածքին խստությունը կարծես զինքը կարձանացներ։ Կին մ՚անկեղծ զղջման կրնա ներել միայն, առանց սակայն լիովին կարենալ բուժելու հարվածոց բոլոր այն հետքերը զորս յուր սիրտը կրած է։ Իսկ ուր կատարյալ զղջում չկա՝ նախատանաց հիշատակը միշտ կենդանի կը մնա։

Դարեհյանի պարտության ազդեցությունն ու խղճի խայթերը դյուրավ կանհետանային Ժանեթի դյութական ներկայությամբը։ Բայց ի՞նչ ուներ Սիրանույշ ի մխիթարություն։