Jump to content

Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/346

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Եթե այդպես է տարբեր բան է։ Ուրեմն, պարոն, ահա տիկնոջ երթալու անտառակին մուտքը,— հարեց,— տանը դռան դիմացի կողմը ընդարձակ դուռ մի ցույց տալով որ առաջինեն փողոցավ մի բաժնված էր։

– Լավ, բայց ո՞ր կողմեն երթալու եմ։

— Երբ ներս մտնեք հոն պարտիզպանաց պիտի հանդիպիք, և անոնք ձեզ կառաջնորդեն։

Մինչ Երվանդ իրեն ցույց տրված դռնեն ներս կը մտներ, պարտիզպանի մի հանդիպեցավ որ զինքը չճանաչելով փորձեց ընթացքը խափանել։

Բայց երիտասարդն ով ըլլալն իմացնելով մարդը հանձնառու եղավ իրեն ընկերանալու մինչև տիկնոջ գտնված վայրը։ Երկուքը միատեղ կելնեին զառիվերե մ՚որուն երկու կողմերը հովանավորված էին թանձրախիտ ծառերե որք իրենց ճյուղերն իրարու հետ միացնելով՝ իբր պատվար կը կանգնեին արեգական ճառագայթից դեմ։ Հոն թռչունք իրենց բույները զետեղած էին, հոն կերթևեկեին, կերգեին, և զայդ վայր սիրով, մեղեդիոք և կյանքով կը լեցնեին։ Անտառակին կատարը ճերմակ փոքրիկ տաղավար մի կը կանգներ դարևոր ծառե մի վարագուրյալ։ Անոր դռան առջև գեղեցիկ ավազան մի կար որուն ջուրերուն մեջեն կարմիր ձուկեր մերթ վեր կելնեին և մերթ ի խոր կը սուզեին։ Այդ ավազանին շուրջը հանգիստ ընելու սահմանված նստարաններ կային կանաչ կաշյոք զարդարված, ուր Սիրանույշ սովոր էր հանգչելու օրվան մեծ մասը ծառին անթափանց հովանվույն ներքև, և ի լուր թռչնոց ներդաշնակությանց։ Ջուրերուն մրմունջը, թևավոր երաժշտաց մեղեդիքը կարծես յուր ցավն օրորելով կը մեղմացնեինք։ Բնությունն և առանձնությունը ամենեն մեծ դարմանն է արմատացյալ վշտաց։

Պարտիզպանն որ կուղեկցեր Երվանդի, կայնեցավ երբ տիկնոջ բնակարանն երևան ելավ, ու զայն ցույց տալով ըսավ.

– Պարո՛ն, քիչ մ՚ալ շարունակեցեք նույն ուղղությամբ և տաղավարին դռան առջև պիտի գտնվիք․ հոն կամ սպասավորի մի պիտի հանդիպիք, կամ նույն իսկ տիկինը պիտի գտնեք մոտակա ծառին ներքև։