Jump to content

Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/352

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Պե՞տք է ուրեմն հանդուրժել այն անօրենին ներկայությանը որ գուցե գոռոզությամբն անշուք վիճակս հեգնե։

— Եթե կը սիրես զիս ու կուզես որ տեսնվինք, ամեն բանի համբերելու ես։

– Քեզ համար ամեն ինչ կը գործեմ, կը սեղմեմ նույնիսկ այն ձեռքը որ երանությունս կործանեց։

Մինչ այսպես կը խոսակցեին մեր երկու սիրահարները, որմին վրայեն զգուշավոր ոտքի թեթև ձայներ լսելով՝ Սիրանույշ ուղղեց երկյուղալի աչերը դեպ այդ կողմ, բայց ոչինչ չտեսավ։

— Ի՞նչ եղար, Սիրանո՛ւյշ, ինչու՞ այդպես այլագունեցար։

— Պատմեմ քեզ, Երվա՛նդ։ Անծանոթ մարդ մի այս որմերուն բոլորտիքը կը շրջեր ստեպ, և օր մի համարձակեցավ նույնիսկ անանուն նամակ մի դնել մինչև նստած տեղս։ Նույն պահուն որ զայդ տեսա այնպես զարհուրեցա որ անմիջապես թողուցի այս վայրը և ապաստանեցա ծովեզերյա տան մեջ։ Բայց կյանքս աոավել ծանր թվելով ինձ հոն, փութացի այստեղ վերադառնալ՝ զոր քու հիշատակիդ ձոնած եմ։

— Բայց հոս արդյոք բավական ապահովություն կա՞ քեզ համար։

— Անշուշտ, մեր հավատարիմ Մելքոնը աչալուրջ կը հսկե անընդհատ։

— Եթե ձերբակալեմ այդ ապիրատը որ կը հանդգնի աչերը մինչև քեզ բարձրացնել, վայ անոր։

— Մի՛ գայթակղական տեսարաններ պատրաստեր, կը հայցեմ քեզ, Երվանդ։

Բայց երիտասարդն արդեն հեռացած էր Սիրանույշի քովեն, և ճիգ կըներ մարդը տեսնելու եթե իրոք հոն էր. սակայն ոչինչ նշմարելով կենդանվո մի քայլից վերագրեց այդ շշուկը:

Մելքոն տաղավարին մեջ Մարիամի դիմաց նստած անոր կը կրկներ նույն գիշերը խաղալիք դերը տիկնոջը նկատմամբ։

Աղջիկը կարտասվեր ըսելով. «Հրեշ մ՚ըլլալու եմ այդպիսի ազնիվ տիրուհվո մի չարություն հասցնելու համար»։

Խղճի այդ արտահայտության առջև Մելքոնի պատասխանը նույնն էր միշտ։ «Ուրեմն, կըսեր, քանի որ զոհ մի չես կարող