— Սիրտս իմս չէր, խոստովանեցա արդեն։
— Այդ վարմունքդ պախարակելի է։
— Բայց դու բնավ փույթ չըրիր տեղեկանալու եթե սիրտս, ազա՞տ էր, և եթե կարո՞ղ էի զքեզ սիրելու․ հորս հավանությունն ստանալով դու գոհ եղար։ Դու անձս ուզեցիր և անձս ստացար հետևապես իրավունք չունիս գանգատելու եթե սիրտս ուրիշի պահեցի և պիտի պահեմ ցկյանս։
— Եվ այդ պատճառավ անշուշտ առատաձեռն շնորհքներովդ ուզեցիր զայն ապացուցանել քիչ հառաջ։
— Լուր ինձ, Դարեհյան, ես զքեզ չեմ սիրած և պիտի չսիրեմ երբեք։ Սակայն վստահ եղիր որ ամուսնական պատիվդ անարատ է և պիտի ըլլա. ոչ թե քու անվանդ արատ չբերելու համար, քանի որ զայն տղմաթաթավ ըրած ես. ոչ թե արժանապատվությունդ պահելու համար, քանի որ դու իմս ոտնակոխ ըրիր արդեն. ոչ թե քեզ նկատմամբ երախտագիտական զգացումե դրդվելուս համար, քանի որ դուն մեն մի օր լքման, առանձնության և բանտարկության դատապարտած ևս զիս.և այլ վասնզի իմ կանացի արժանապատվությանս ու անձնական պատվույս ես ինքս նախանձախնդիր եմ․ վասնզի կուզեմ մեծ և անարատ ըլլալ իբր կին, և իբր այն սիրվիլ Երվանդեն ու հարգվիլ ամենեն։
— Իրոք զարմանալի կը թվին ինձ այդ տրամադրություններդ և սկզբունքներդ հիանալի երանի թե նույնչափ գեղեցիկ ըլլար և գործելու եղանակդ։
— Գիտեմ որ մոլությունը չըմբռներ առաքինությունը, և չհավատար վեհ վարմունքի, և սակայն ես ճշմարտությունը կը խոսիմ քեզ։
— Ավարտեցի՞ր ըսելիքդ արդյոք։
— Ոչ տակավին, երբ լմնցնեմ կիմացնեմ քեզ և դու կը պատասխանես հայնժամ։ Քիչ մի ևս ուշադրություն կը խնդրեմ։
—Ուշադիր եմ։
—Իմ կյանքս այսուհետև զոհ մ՚է զոր կամովին նվիրեցի մորս, զոհն է իմ սրտիս, երազներուս և երջանկությանս։ Քու մեկ վաղանցուկ քմահաճությունդ ու հորս փառասիրական կամ թյուր գաղափարը երանությանս շենքը տապալեցին։