Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/372

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ԳԼՈԻԽ ԾԵ.

Երբ Մարիամ սենեկեն ներս մտավ, Պ. Դարեհյան հրաման ըրավ Մելքոնին որ դուրս ելնե։ Մինչ քամակը դարձուց տիրոջը՝ սենեկեն դուրս երթալու ժամանակ այնպիսի թախանձալից ակնարկ մ՚արձակեց աղջկան որ ասոր բոլոր էությունը սասանեց։

—Մա՛րիամ,— ըսավ Դարեհյան,— Մելքոն կը հաստատե թե դու տիրուհվույդ անվայել ընթացքը տեսած և վկայած ես։ Հանուն Աստուծո կերդմնցնեմ զքեզ որ շիտակ խոսիս։ Եթե տիկինդ իրոք հանցավոր է՝ տանս մեջ ոչ ևս կրնա բնակիլ իսկ եթե Մելքոն համարձակեցավ տիրուհվույն դեմ այդպես աններելի ամբաստանություն մ՚ընել՝ պիտի խստիվ պատուհասվի։ Դատե՛ ուրեմն թե վկայությունդ ի՛նչ կշիռ ունի։ Իսկ եթե խաբես զիս չարաչար պիտի պատժեմ զքեզ, գիտցած եղիր։

Ճշմարտությունը զոր կը խնդրեր Դարեհյան՝ Մելքոնին դատապարտությունն էր։ Ինքն Մարիամ յուր պաշտած առարկային պատուհասն ըլլալեն նախապատիվ կը դասեր մահը։ Իսկ յուր սիրահարը ազատելու համար մատնե՞ր նվիրական տիրուհին, երբ այն թե՛ յուր և թե՛ ընտանյացն բացարձակ բարերարուհին էր։ Ո՛չ, ո՛չ։

Բայց երբ վճռողական բառը հնչելու վայրկյան հասավ, Մարիամ զարհուրեցավ, լեզուն կասեցավ։ Երկուքեն ո՞րը զոհեր։ Այս խորհրդածությունները փայլակի արագությամբ անցան մտքեն, հետևապես երկար չեղավ ընելու որոշումը։

— Տեր իմ,– ըսավ Մարիամ,– տիրուհիս հրեշտակ մ՚է, իսկ Մելքոն ծառայության մեջ վիճակակից ընկերս է։ Ոչ մին և ոչ մյուսը կը դատապարտեմ։

– Կը հրամայեմ քեզ խոսելու։

— Ոչինչ ունիմ խոսելու։

– Զքեզ խստիվ կը պատժեմ։

– Պատրաստ եմ ձեր վճռույն հպատակելու․ նույն իսկ եթե մահ սպառնաք ինձ ոչինչ ունիմ հայտնելու։

—Ուրեմն կը համառիս գիտցածդ ծածկելու։