— Պ. Դարեհյան մեծատուն, արժանավոր անձ մ՚է որով թե քեզ հավնելու և թե հետդ ամուսնանալու իրավունք ուներ. իսկ մյուսը՝ աղքատի որդի աղքատ մ՚է որուն համար լրբություն էր այդ երազն ունենալը։
– Եթե աղքատ էր, հա՛յր իմ, շատ առավել հարուստ էր բարոյականությամբն և հազվագյուտ ձրյուքը քան շատ մի հարուստներ։ Ոսկին սիրտը չազնվացներ, և գուցե կը նվաստացնե ամեն տեսակ ճաշակները գոհացնելու նպաստելով։ Ուստի աղքատն՝ որչափ հարուստը՝ նույն իրավունքն ունի հավնելու, սիրելու և բաղձալու։ Բնությունն այդպիսի խտիր չէ դրած մարդկանց մեջ. ինչպե՞ս ուրեմն դուք բնության գործը կուզեք սրբագրել:
– Բնության օրենքը լավ ուսումնասիրած ըլլալուդ համար է ուրեմն որ բնական ձգտմանց ազատ հետևողն ևս եղար՝ Երվանդին առատորեն շնորհելով քու անձիդ վայելքը, առանց խտիր դնելու հարուստին և աղքատին, ամուսնույն և սիրահարին մեջ, ըսավ Դարեհյան կարմրելով:
Պ. Հայնուռ տեղեն ցայտերով.
– Ո՜վ ապիրատ դու աղջիկ,- գոչեց կատաղաբար:
Արհամարհոտ ժպտով պատասխանեց Սիրանույշ:
– Արդ եթե պատվույս նախանձախնդիր ըլլալով,- հարեց Պ. Դարեհյան,- ուզեմ ըստ օրինի պատմել ձեր դուստրը, կարծեմ թե դուք, Պ. Հայնուռ ինձ դեմ վշտանալու իրավունք չեք ունենար երբեք:
Պ. Հայնուռ դողահար՝ դեպի փեսին դառնալով, աղերսագին ու լալահառաչ ըսավ․
– Ճերմակ մազերուս խնայեցերժք՝ ողորմելով Սիրանույշի:
– Հայր իմ, դու ինձ համար շնորհք խնդրելու պետք չունիս զի ես անպարտ եմ, պատվավոր կին մ՚եմ, ապահով երկիր:
– Ինչո՞վ կապացուցանես այդպես ըլլալդ,- հարցուց Պ. Դարեհյան։
– Դու ինչո՞վ կապացուցանես հանցավոր ըլլալս:
– Զայդ աշխարհ կը վկայե:
– Ո՞վ է աշխարհդ,- հարցուց Սիրանույշ, արհամարհոտ կերպիվ: