Jump to content

Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/431

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԳԼՈԻԽ Ձ.

Սուրբ Հակովբա՝ որով և Պ. Հայնուռի անվանակոչության տոնեն երկու օր հառաջ, Սիրանույշ Գատըքյոյ գացած էր հորը տունը, ու հոն պիտի գտնվեր նաև Պ. Դարեհյան տոնախմբության գիշերը։ Ամեն տարի բազում հանդիսականք կը խռնեին Պ. Հայնուռի հարկին ներքև Սուրբ Հակովբա գիշերն՝ որով ճոխ հյուր ընկալության ամեն պատրաստություններ տեղի կունենային։

Գոհ էր տիկին Հայնուռ յուր սիրելի դստեր ներկայությամբը, թեև այդ գոհունակությունը տխրության քողեն վարագուրված ըլլար, քանի որ մայրենի թափանցող աչերը մինչև Սիրանույշին հոգվույն խորը կը ժամանեին։

Զարուհին Սիրանույշին գալստյան լուրն առնելով նույն օրն իսկ եկած էր իրեն այցելու մտերմական անզուսպ տեսության իղձեն դրդված և նույն չափ Երվանդին վերաբերող քանի մի կետերու կարգադրությանն համար։ Սեկ միջոց մի հեռացան երկու երիտասարդուհիք տիկին Հայնուռի քովեն Երվանդին վրայոք խոսելու համար։

Զարուհին կը պատմեր թե որպիսի հուսահատական անգործությամբ եղբորը կենսական ուժը կսպառեր, և թե ինչ երկյուղներ կզգար զրեթե տարիե մ՚ի վեր նշմարելով անոր անհույս սիրո տառապանքը։ Այսպես Զարուհին կը նախապատրաստեր յուր բարեկամուհին Երվանդին մեկնելու գաղափարին։

– Արդարև,– պատասխանեց Սիրանույշ,– կրկին ցավ է ինձ Երվանդի տարապայման վիճակը իմ դառն կացությանս մեջ։ Չկա զոհ որ չկատարեի իրեն երանության համար և սակայն ես բուն պատճառն եմ աղետից։

— Այսինքն փոխադարձաբար պատճառ եք իրարու դժբախտության։

- Արդյոք չե՞ս կրնար զինքը համոզել Հռովմ վերադառնալու որպեսզի հո՛ն, յուր ընտրած պատկերահանական ասպարիզին մեջ, ջլատած տաղանդը գուցե մղում մ՚ընդունի։

— Եվ մենք զայդ կը փափագեինք և առ այդ կը ձգտեինք, բայց իզուր։