Jump to content

Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/433

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Բաբե՜,— գոչեց Զարուհի,— ո՞րն արդյոք թշվառագույն է ձեր երկուքեն։

Վեր առավ գլուխը սրտաբեկ կինը, լուր մտերմին ձեռքը ձեռացը մեջ առնելով, ու սգալից աչոք անոր նայելով ըսավ.

— Ըսե եղբորդ թե պիտի պաշտեմ զինքը մինչև վերջին շունչս։ Պատվիրե իրեն իմ կողմանես որ աշխատի հռչակ ստանալու․ գոնե այդ տեսությամբ մխիթարվիմ որ եթե յուր սրտին դահիճը եղա, գեթ յուր տաղանդինը չեղա։ Պատվիրե նաև որ երջանիկ ըլլա, և ես յուր երջանկության լուրն առնելով տխուր վիճակիս մեջ գոնե սփոփանք գտնեմ։ Ըսե իրեն նաև…

Եղկելույն ձայնը հեծկլտանքի մեջ խեղդվեցավ։ Քիչ մի ետքը երբ կարողացավ խոսելու ըսավ.

— Պատվիրե Երվանդին որ խղճմտություն չընե սիրտն ուրիշի նվիրելու երբ փոքր ինչ մխիթար գտնելու հույսն ունենա…

Թշվառ արարածն անկարող եղավ հառաջ երթալու. հեծկլտանքը ձայնը խափանեցին։

Զարուհին զայն թևերուն մեջ առավ՝ արտասուքն արտասվացը խառնելով։ Երբ երկուքն ալ սակավ ինչ հանդարտեցան, հայնժամ Զարուհին հարցուց ընկերուհվույն.

— Ուրեմն եղբայրս պիտի մեկնի առա՞նց զքեզ տեսնելու։

– Ավա՜ղ, ըրած խոստումս առ Դարեհյան կարգիլե ինձ սրտիս այդ սրբազան իղձը լրացնելու։ Մահվան մերձավորությունը միայն կրնա նպաստել հոգվույս կարոտը հագեցնելու։ Որպիսի՜ անձկությամբ մահաբեր վայրկյանը պիտի խնդրեի եթե ողորմելի մորս ցավ ազդելու երկյուղը չունենայի։

Նույն միջոցին Մարիամ բուռն կերպիվ սենեկեն ներս մտնելով այլայլաձև արտասվաթոր կերպարանոք մոտեցավ Տիկնոջ ու խոր վշտով ըսավ.

— Եղբայրս Զարեհ ծանր հիվանդ է եղեր, և հայս գյուղ փոխադրված մեր ազգականին տունը։ Թույլ տվեք ինձ, Տիկի՛ն, որ երթամ անմիջապես այցելության անոր, վասնզի ներկայությունս ստիպողական կը համարվի։

Մարիամ այնպես սաստիկ հուզված էր և այնպիսի խոր ցավով համակված, որ Սիրանույշ չարաչար զգացվելով անոր