գալարեր յուր անկյան մեջ, և երախտագիտությամբ կը հանդիպեր համակրալից նայվածոց տիկին Երանյանի՝ որ առավել աչերովն քան թե բերնովը կը համարձակեր մխիթարել թշվառ մարդը ի ներկայության յուր կնոջ։
Իսկ Արաքսիա՝ մոռանալով բոլոր յուր դյուցազնական արիությունը, կը կարծեր թե ճամփուն վրա պիտի նվաղեր: Սիրտը յուր բաժինը կը պահանջե միշտ. և եթե վայրիկ մի կընկճի խոնարհելով քաջության առջև, ընդհուպ հաղթահարելով՝ յուր վսեմ տկարությամբը կը ներկայանա դարձյալ։
Պ. Աբգարյան հարուստ վաճառական մ՚էր։ Յուր մատաղ տիոց մեջ գավառեն Պոլիս եկած էր, ու հայրենակցի մոտ ապրելով վաճառականության արվեստին հետամտած էր, վարժությամբ զայն ուսումնասիրած, հառաջացած սույն ասպարեզին մեջ, և տիրոջն օժանդակութենեն ու պաշտպանութենեն օգտվելով՝ հաջողած էր անկախ և հաջող դիրք մ՚ապահովելու անձին։
Մարդուս առաջին մտածությունը՝ երբ բարքերը խանգարյալ չեն, ամուսնության մեջ հանգիստ վիճակ մի վայելել է: Մարդս կարծես ընկերոջ մի կը կարոտի, թե երանության և թե թշվառության մեջ։ Երանութենեն երբ ուրիշ մի ևս բաժին ունենա՝ թվի թե կը կրկնապատկվի այն, կընդլայնի, կը զարգանա և կուռճի։ Իսկ թշվառությունը կը թեթևնա ուրիշի վրա հենլով, և յուր ընկճող ծանրությունը մասամբ կը կորսնցնե:
Պ.Աբգարյան համեստ և պատվակիր ընտանյաց միածին դուստրն առած էր ի հարսնություն։ Սա անձ մ՚էր առանց նշանավոր գեղեցկության, բայց բնությամբ ազնիվ էր, պարկեշտ և լրջամիտ։ Նա կը վայելեր անձայն և անշշուկ ամուսնույն վիճակն՝ որ օր ավուր զարմանալի կերպիվ կը զարգանար, և ընկերակցին երջանկությունը կապահովեր յուր հանդարտաբարո ընթացքովն ու անընդհատ ջանյուքը զինքը գոհացնելու։ Ողորմած էր հոգվով, ձեռքը միշտ պատրաստ ընկերային վերք մի բուժելու, արտոսր մի սրբելու, կարեվեր սրտի մի օգնելու։ Զայս ամենայն կը գործեր ոչ թե յուր անունը ամենուրեք