տալով։ Ավելորդ է ըսել թե քեզ համար մեծ բախտ մ՚է այսպիսի հարուստ տան մի ծառայելով։
Եվ ապա դառնալով սպասարկու կնոջ մի՝ հարեց.
- Այս աղջիկը առաջնորդե տղայոց սենյակը։
Ողորմելի Արաքսիան սաստիկ հարված մ՚զգաց ի լուր այդ գոռոզ խոսքերուն, և անմիջապես վերահասու եղավ որպիսի անձի հետ գործ ունենալուն։ Բայց ի՞նչ կրնար ընել. յուր ծնողքը նպաստի պետք ունեին որով պարտավոր էր համակերպիլ յուր նոր վիճակին, մանավանդ երբ խիստ գոհացուցիչ նյութական վարձատրություն մի խոստացված էր իրեն։
Տարին զինքն ընդարձակ սենյակ մի ուր կարասիք պարզ էին, մաքուր և վայելուչ, և ուր երեք անկողին կային որոց երկու փոքրիկներն մակաբերեց թե ներկա գտնվող երկու տղայոց կը վերաբերեին․ իսկ երրորդ մեծը՝ իրեն հատկացյալ էր անշուշտ։ Երկու աղջկանց համակրելի դեմքերը լավ տպավորություն մ՚ըրին վրան, ջնջելով մասամբ իրենց մորն ըրած աննպաստ ազդեցությունը:
Իրեն առաջնորդող կինն երկու տղայքը ցույց տալով ըսավ.
— Օրիո՛րդ, ահա աշակերտուհիներդ, նայե որ աղեկ հոգ տանիս անոնց։ Այս մեծ տուն մ՚է, մեզի պես դուն ալ բախտ ունեցար հոս մտնելու։
Ի՞նչ զգաց խեղճ Արաքսիա երբ տեսավ զանձն յուր դատապարտված աղախնո մ՚աստիճանին հավասարելու երբ այնչափ եզական դաստիարակություն մ՚ստացած էր։ Բայց ինքը որդիական սիրո զոհն էր, հետևապես ամեն ինչ հոժարությամբ պիտի տաներ։
Երկու տղայոց քաղցր և անմեղ կերպարանքը վարժուհվույն վրա ախորժելի տպավորություն մ՚ըրավ։ Մին էր խարտյաշ ոսկեթել մազերով, ճերմակ մորթով, ու կապույտ երազուն աչերով։ Կարծես երկինք կը ցոլային այդ երկու վճիտ աղբյուրներուն մեջ։ Այդ մանկան ձայնն երաժշտություն մ՚էր, շարժումը նազելանք, և նայվածքը՝ փայփայանք։ Իդեական այն երևույթներեն մին էր որ ծնած էր կարծես սիրելու, սիրվելու, տառապելու և մեռնելու համար։ Այդպիսի բնությունք